«Թուրքերի ազգասիրությունը դրամով են գնում, իսկ մերը՝ կամավոր է». կանադահայ
Սուրեն Հաջյանը կանադահայ ինժեներ-շինարար է, արմատներով Արևմտյան Հայաստանի Մուսալեռ գյուղից: Նրա մայրը Մուսա լեռան հերոսամարտի ականատեսներից է եղել:
1970-ականների սկզբներին նրանց ընտանիքը տեղափոխվել է Կանադա: Սուրեն Հաջյանն ընդունվել է համալսարան, ավարտել և աշխատանքի անցել ջրամբարների կառուցմամբ զբաղվող կանադական խոշոր ընկերություններից մեկում որպես հիդրոինժեներ:
Հաջյանն ասում է, որ 70-ականներին Կանադայում հայ համայնքը դեռ լիարժեք ձևավորված չէր, թույլ էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին դեպի Կանադա հայերի մեծ հոսք է սկսվում, և ստեղծվում է խոշոր ու կազմակերպված հայկական համայնք՝ բազմաթիվ եկեղեցիներով, դպրոցներով, հայկական մշակութային կենտրոններով: Միայն Մոնրեալում այսօր 3 հայկական դպրոց կա: Հայ ինքնության պահպանման գործում զրուցակիցս բարձր է գնահատում Կանադայի հայ համայնքի դերը: «Ինքնության պահպանման կորիզը երկու բան է՝ եկեղեցի և դպրոց: Երբ հայերը եկեղեցի շինած են, քովը դպրոց շինած են: Արաբը մզկիթ կշինե, քովը դպրոց չի շիներ, բայց մենք կշինենք: Դա շատ կարևոր է»:
Սուրեն Հաջյանը նշում է, որ Կանադայի հայ համայնքը ներգրավված է նաև երկրի ներքաղաքական կյանքում: Միայն Մոնրեալում 30 հազար հայ կա, իսկ ամբողջ Կանադայում՝ մոտ 80 հազար, և տեղի իշխանությունները, ուզեն թե չուզեն, պետք է հաշվի նստեն հայերի հետ: Այն, որ 2004 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նաև հայերի ակտիվ դերակատարության շնորհիվ է: Իսկ անցյալ տարի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, կանադահայերը հասան նրան, որ երկրի խորհրդարանը ապրիլ ամիսը պաշտոնապես հաստատեց իբրև մարդկության դեմ գործած ցեղասպանությունների ամիս, իսկ ապրիլի 24-ը՝ իբրև Հայոց ցեղասպանության օր: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն:
Չնայած թուրքական համայնքը Կանադայում փոքր է, բավականին ակտիվ է, հատկապես վերջին տարիներին: Ասում է, որ թուրքերն ամեն կերպ փորձում են հետևել հայերի քայլերին և հակազդել դրանց: Անգամ կանադացի խորհրդարանականներն են հայերին զգուշացնում թուրքերի հակահայ գործունեության մասին՝ հորդորելով լինել ավելի զգոն ու ակտիվ:
Սուրեն Հաջյանը, որ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի ղեկավար անդամ է, հաջողված է համարում 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները: Հիշատակի միջոցառումները Կանադայում սկսվել են դեռևս 2014-ի վերջին՝ շարունակվելով մինչև 2015 թվական: Դրամահավաք, ֆիլմերի ցուցադրություններ, համերգներ, դասախոսություններ, իսկ 2015 թվականի ապրիլի 24-ին մեծ քայլերթ Օտտավայում, որին մասնակցել է շուրջ 8000 մարդ: Ի դեպ, հայերի այդ քայլերթին զուգահեռ թուրքերն ու ադրբեջանցիները նույնպես երթ են կազմակերպել ընդդեմ հայերի: Հայկական երթի մասնակիցների համեմատ՝ նրանց քայլերթը փոքրաթիվ է եղել, այն էլ՝ վճարովի: Հաջյանն ասում է, որ հակահայ երթի մասնակիցներից յուրաքանչյուրին 150-ական դոլար են վճարել մասնակցության համար: «Այո, թուրքերի ազգասիրությունը դրամով կգնեն, իսկ մերը կամավոր է»:
Զրուցակիցս նշում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված մշակութային բոլոր միջոցառումները հիմնականում ուղղված են եղել օտարներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հարուստ մշակույթ ունի հայ ժողովուրդը, որն անգամ բնաջնջման փորձից հետո կարողացել է ապրել, արարել և աշխարհին այսպիսի հզոր մշակութային ժառանգություն պարգևել:
Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենատպավորիչ միջոցառումը մայիսի 3-ին կազակերպված երթն է եղել, երբ Մոնրեալի կենտրոնական պողոտան ամբողջությամբ փակվել է՝ ծածկվելով 10-հազարանոց երթի մասնակիցներով: Հետաքրքիրն այն է, այդ երթի կազմակերպիչներն այն միայն Հայոց ցեղասպանության հետ չեն կապել, այլ ուղղել են բոլոր ցեղասպանությունների բարձրաձայնմանն ու դատապարտմանը: Երթին մասնակցել են նաև քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Կանադայի ներկայիս վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն այն ժամանակ ընդդիմադիր թևի առաջնորդն էր, հույներ, ասորիներ, քրդեր և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ենթարկվել են ցեղասպանության: «Սակայն 100-ամյակի ամենակարևոր կետն այն էր, որ այդ միջոցառումները համահայկական էին: Ըլլա դաշնակցական, ըլլա ռամկավար, ըլլա հնչակյան. ամենքս միասին այս գործն առաջ տարանք: Ողջ հայ ժողովուրդը խանդավառվեց»:
Սուրեն Հաջյանը կրկին Հայաստանում է: Մոտ օրերս պետք է դասախոսություն կարդա Թումանյանի թանգարանում՝ նվիրված Մուսա լեռան պատմությանը: Իսկ առաջին անգամ հայրենիք ոտք է դրել 2001 թվականին: Եկել է ու շատ ափսոսել, որ իր կյանքի նախորդ տարիներն առանց Հայաստանի է ապրել: «Ես շատ դժբախտ մարդ եմ, որ նույնիսկ սովետի ատեն Հայաստան չեմ եկած: Ճիշտ է, այն ժամանակ դժվար էր, բայց պետք էր գալ ու տեսնել հայրենիքը, հողը: Ուղղակի այն ժամանակ այնքան գեշ պրոպագանդա կար, որ հետ կպահեր, բայց երբ 2001-ին եկա՝ շատ զղջացի»:
2001-ին գալով Հայաստան՝ նա զարմանում է, քանի որ կարծում էր, թե Հայաստանը մի աղքատիկ, հետամնաց երկիր է: Ապշում է, երբ մասնակցելով Պարույր Սևակին նվիրված հուշ-երեկոյին՝ տեսնում է, թե ինչպես է հանդիսատեսը հավասար արտասանում Սևակի բոլոր բանաստեղծությունները: «Հասկացա, թե կրթության մակարդակն այստեղ որքան բարձր է: Մեր քովը որևէ մեկ մանչ, եթե ասես արտասանե, չի կրնար,- ասում է նա,- որևէ մեկ ազգի մակարդակը չափելուն համար պետք է նայես, թե այդ ազգը բանաստեղծներ ունի, թե ոչ: Այն ազգը, որ բանաստեղծներ ունի, շատ ավելի բարձր մշակութային մակարդակի վրա է: Թուրքերը չունին, իսկ, օրինակ, պարսիկներն ունին: Մենք շատ տաղանդավոր բանաստեղծներ ունինք և այդ առումով բախտավոր ազգ ենք»:
2001 թվականից հետո Սուրեն Հաջյանը պարբերաբար գալիս է Հայաստան և տարեցտարի՝ ավելի հաճախ ու ավելի երկար ժամկետով: «Հնարավո՞ր է, որ մի օր որոշեք մեկընդմիշտ մնալ Հայաստանում»,- հարցնում եմ:
Ժպտում է. «Ինչո՞ւ չէ, այո, հնարավոր է»:
Աղբյուրը՝ Ankakh.com