Ամեն օր հայրենի եզերքի խաղաղ ու հաղթական հեռուներն եմ ուրվագծում

Դպրոցականների  ամառային արձակուրդի այս օրերին  ինձ  հեռացած եմ զգում իմ աշակերտներից,  կարոտի  զգացումը  մի պահ տեղի  է  տալիս մի նոր  անհանգստության`  տեսնես  որտեղ  են նրանք, միայն թե որտեղ էլ լինեն, նորից վերադառնան, նորից   թափուր  նստարաններ  չլինեն դասարաններում:  Ես  այս օրերին   արդեն սկսում եմ կարոտել  մեր ստեղծած ուսուցչի և աշակերտի այն   յուրահատուկ աշխարհը,  որտեղ  ամեն օր  հայրենի եզերքի խաղաղ ու հաղթական հեռուներն էին    ուրվագծվում: Եվ  այդ դպրոցական կյանքն  այս օրերին էլ  դառնում  է  ինձ  համար  մի առանձնահատուկ աշխարհ, գուցե և դժվար, բայց նրբություններով ու անակնկալներով, նոր բացահայտումներով հարուստ, որտեղ ամեն օր ուսուցչի և աշակերտի հարաբերություններում մի նոր դիմագիծ էր ձևավորվում, որով էլ գեղեցկանում և ստեղծվում էր ուսումնական մտերմիկ միջավայր, իսկ մանկավարժիս արվեստը հրապուրիչ էր դառնում, երբ խոր մարդասիրությունն ու աշխարհը գեղագիտորեն ընկալելու և այն սերունդներին մատուցելու հակումը դառնում էր սկզբունք:

Հպարտությամբ եմ ընթերցում իմ աշակերտների նախորդ  օրերի  գրած մտքերը: Մեկ նախադասությամբ արտահայտված հայրենիքի կերպարով իսկ ամբողջանում է ապրածդ միջավայրը, կենտրոնում հայտնվում է նաև այն հասուն սերունդը, որը հայրենիքն է զգում իր մեջ, իր ներսում է տեսնում նրան, իր ապրումների մեջ, այն աշխարհում, որտեղ գոյություն ունի նա:

<<Հայրենիքն ինձ համար դարձել է կնիք, ուր էլ գնամ, նա ինձ համար այն մինուճարն է, որին սիրում եմ ես>>/Գասպարյան Էդիտա/: <<Մի փոքրիկ տիեզերք է իմ հայրենիքը, մի մոլորակ, որտեղ գերի է իմ հոգին>>/Կարապետյան Սյուզաննա/: <<Այս կյանքում ամենակարևորն այն է, որ ես հայրենիք ունեմ, նրա հոգին իմ ոգին է, նրա ճակատագիրն իմ ճակատագիրն է, նրա տառապանքն իմ թախիծն է, նրա ծաղկումը` իմ ուրախությունը>>/Բաղրյան Իննա/: <<Հայրենիքն ինձ համար հայրիկիս և նրա նման հայորդիների ազատագրած հողն է, որն անչափ սիրում եմ ես>>/Ստեփանյան Իննեսա/: <<Այն արդար ցորենի արտն է իմ հայրենիքը, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, և որից փրկված մի բուռ ցորենը հասել է մեզ, դարձել հաց ու բարիք>>/Արզումանյան Լադա/: <<Հայրենիքն ամեն ինչ է ինձ համար, չլինի իմ հայրենիքը չեմ լինի նաև ես, նա իմ օդն է, իմ ջուրն ու հոգին, իմ տունն է նա, իմ ընտանիքը, ամե~ն-ամեն ինչ>>/Սաիյան Մարիետա/: <<Իմ հայրենիքը սահմանին մոտիկ այն տարածքն է, որտեղ այնքա~ն ճշմարտություն կա և այնքա~ն շատ հպարտություն, երազանքներիս աշխարհն է իմ հայրենիքը>>/Հայրապետյան Գայանե/: <<Իմ հայրենիքը հայոց սահմանն է, որ պաշտպանում է մեր հայ զինվորը, իմ հայրենիքն իմ տունն է, որին կարոտում եմ, երբ ուրիշ տեղ եմ գնում>>/Գրիգորյան Նարինե/: <<Հայրենիքս իմ երազած այն անկյունն է, որտեղ ազերիների կեղտոտ ոտնահետքերը չկան, դա իմ ստեղծած այն աշխարհն է, որտեղ երբևէ արյուն չի թափվել>>/Գրիգորյան Էդիկ/:

Այդ  օրը  հայրենիքն իմ աշակերտների խոսքերով ստացել  էր   դեմք ու դիմագիծ, իսկ ես հպարտ էի,  նաև` համոզված, որ այն հայրենիքը, որն ապրում է բոլորիս մեջ, նա հավերժ կմնա` որպես սուրբ մասունք, որպես մարմնացում հիշողության և ազնիվ նվիրաբերումի առհավատչյա:

Նատաշա  Պողոսյան               

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ

դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

e4c7d707-16a8-4aec-806c-99727384aa33

Scroll Up