Ծուղրութի Սուրբ Սիոն եկեղեցում տեղադրվեց խաչքար

Հոկտեմբերի 8-ին Ախալցխայի Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու բակում  հանդիսավորությամբ կատարվեց խաչքարի օծում: Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ hայր Բաբգէն Սալբիյանի օրհնությամբ, բարերարությամբ լենինգրադաբնակ Հրաչյա Պողոսյանի` իրականություն դարձավ լեգենդար ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանի ընտանիքի երազանքը:
Արմեն Սարգսյանը  ժամանակին խաղացել է լեգենդար «Արարատ-73» թիմում և իր ներդրումն է ունեցել 1973 թվականի հաղթանակին: Նա հանդես է եկել 3-րդ համարի տակ` որպես կիսապաշտպան:
Տարիներ առաջ Արմեն Սարգսյանը հիվանդանում է, իսկ նրա կինը, ով արմատներով Ախալցխայից է, հիշում է, որ տատը ժամանակին Ծուղրութ գյուղի վերևում գտնվող մատուռի մոտ բժշկվել է անբուժելի հիվանդությունից: 13 տարի չքայլելուց հետո տատն իր ոտքով մատուռից իջել է ներքև…
Հավատալով իրենց նախնիների հետ կատարված հրաշքին` նրանք ևս որոշում են մի օր ուխտի գալ Սուրբ Մայրիկ հայկական մատուռ և ինչ-որ մի բան վերականգնել կամ խաչքար կանգնեցնել: Ֆինանասական ու կազմակերպչական դժվարությունները հաղթահարելու նպատակով ամուսինները նամակով դիմում են իրենց ծանոթ բարեկամ-ընկերներին: Նամակին արձագանքում է լրագրող Մանանա Հակոբյանը, ով իր հերթին դիմում է լենինգրադաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանին:
Հրաչյան սիրով ստանձնում և իրականացնում է Արմենի ընտանիքի տարիների փափագը: Արձագանքում են նաև ֆրանսիաբնակ բարեկամներ Զոյա և Ռուբիկ Գալստանյանները:
Եվ այսպես բոլորը գալիս և մի հոյակերտ հայկական խաչքար են կանգնեցնում Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու բակում, քանզի Սուրբ Մայրիկ (Սբ. Մարիամ Աստվածածին, 14-րդ դարի հայկական մատուռ) մատուռի մոտ տեղի իշխանություններից իրավունք չստացան կանգնեցնել այդ խաչքարը:

Հոկտեմբերի 7-ին Ախալքալաքի, Ախալցխայի և Ծալկայի տարածաշրջանի հոգևոր հայրերի ուղեկցությամբ բոլոր ուխտավորները բարձրացան մատուռ, որտեղ իրենց ուխտի աղոթքն արեցին:
Հաջորդ օրը հոգևոր հայրերին միացավ նաև Ախալցխայի հոգևոր տեսուչ հայր Հակոբը, ում ձեռամբ օծվեց եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը, որին հաջորդեց մատաղի արարողությունը:

Ցավոք սրտի, ներկա չէր բարերար Հրաչյա Պողոսյանը: Բոլորը գոհ ու երրջանիկ էին, որ կատարվել է իրենց ուխտը: Նշենք, որ այս ամենին մասնակցում էին նաև տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայ համայնքի կարկառուն դեմքեր և Ծուղրութի հավատավոր ժողովուրդը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

http://akhtskha.net

Scroll Up