Ասադ. Սիրիան ճգնաժամից դուրս կգա ազգային հաշտության ուղով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ իր երկիրը «կհաղթահարի վրա հասած աղետը եւ ավելի լավը կդառնա, քան մինչեւ պատերազմն էր»:
«Ալ Մանար» հեռուստակայանը հայտնել է, որ սիրիական առաջնորդը նման կարծիք է հայտնել Անտիոքի ասորակաթոլիկական եկեղեցու պատվիրակության հետ հանդիպմանը նրա պատրիարքի` Իգնատիուս Իոսիֆ III-ի (Յունան) գլխավորությամբ:
«Սիրիացիները կկարողանան ճգնաժամից դուրս գալ ազգային հաշտության ուղով», – հայտնել է Ասադը: Նրա խոսքով, «այժմ հաշտեցման համաձայնագրեր են կնքվում երկրի տարբեր շրջաններում», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սիրիայի նախագահը մատնանշել է այն քաղաքացիներին օգնության տրամադրումը, որոնք վերադառնում են ազատագրված շրջաններ: «Անհրաժեշտ է խրախուսել նրանց վերադարձը եւ մասնակցությունը քաղաքակիրթ Սիրիայի կառուցմանը, որը կհիմնվի համընդհանուր իրավահավասարություն ապահովող քաղաքացիական կառավարման վրա», – նշել է Ասադը: Միաժամանակ նա ընդգծել է, որ «կրոնական կառուցվածքի գաղափարն անընդունելի է Սիրիայի համար»:
Ասադը քրիստոնյաների ներկայությունը համարել է «Արեւելքի հոգեւոր ձեռքբերումը»: Նրանց մեկնումը, իր կարծիքով, «թուլացնում է Արեւելքի մշակութային նշանակությունը»:
Իգնատիուս Իոսիֆ III-ը (Յունան) իր հերթին հայտնել է, որ «ժողովրդավարության կարգախոսի ներքո Սիրիայի դեմ բարբարոսական պատերազմն ազատ է արձակել մարդասիրության հակառակորդների ձեռքերը»: «Դավադիրները` տարածաշրջանային պետությունների թվից, կրոնն օգտագործում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման համար, նրանց ձեռնածուներն ամենուր բռնություն եւ մահ են տարածում», – Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասել է նա:
Անտիոքի ասորակաթոլիկական եկեղեցին Հռոմի պապի իրավասության տակ է գտնվում Արեւելյան եկեղեցիների եղբայրակցության միջոցով, բայց պահպանում է ներքին ինքնավարությունը: Նրա տաճարներում ժամերգությունն իրականացվում է հին ասորերեն եւ արաբերեն լեզուներով: Ասորակաթոլիկները Ասորահակոբյան (ուղղափառ) եկեղեցուց առանձնացել են սոսկ XVII դարում` ունիա կնքելով Հռոմի հետ: Պատրիարքի նստավայրը Հալեպից Բեյրութ է տեղափոխվել: