Հյուրանոցային և ռեստորանային սպասարկման ոլորտի միջազգային վարպետները կգան Երևան

Երևանում հոկտեմբերի 12-ին կանցկացվի Հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի` EURHODIP-ի տնօրենների խորհրդի նիստը:

Կքննարկվեն կառույցի շրջանակում համագործակցության ընդլայնման, 2014 թ. EURHODIP-ի հերթական խորհրդաժողովի անցկացման հարցեր, ինչպես նաև կանցկացվի մտքերի ու գաղափարների փոխանակում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Հայաստան կժամանեն հայտնի մասնագետներ, ովքեր զբաղվում են հյուրանոցային և ռեստորանային սպասարկման ոլորտներում աշխատողների պատրաստմամբ»,- ասաց Մինասյանը: EURHODIP-ի տնօրենների խորհուրդը միավորում է 23 անդամի` տարբեր աշխարհամասերից:

Մինասյանն ասաց, որ EURHODIP-ի տնօրենների խորհրդի նիստում կքննարկվի նաև կառույցի 23-րդ համաժողովը 2016 թ. Դարձյալ Երևանում անցկացնելու հարցը: «Տուրիստները, նրանց ցանկություններն ու պահանջները տարեցտարի փոխվում են: Անհրաժեշտ է նոր պահանջներին համապատասխան կադրեր պատրաստել:

Հայաստանի համար դա չափազանց կարևոր է: Մենք պետք է ինտեգրվենք տուրիստական կադրեր պատրաստող եվրոպական և համաշխարհային կրթական համակարգերին»,- ասաց Մինասյանը: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորն այդ ոլորտի հաջողության չափորոշիչ է համարում տուրիզմից պետբյուջե մտնող գումարները և այդ ոլորտում ստեղծվող աշխատատեղերը:

EURHODIP-ի տնօրենների խորհրդի նիստը կազմակերպել է Տուրիզմի հայկական ինստիտուտը` Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Ազգային մրցունակության հիմնադրամի, USAID (EDMC)-ի, «Ավարայր Տուր» ընկերության և այլ կազմակերպությունների աջակցությամբ:

Տուրիզմի հայկական ինստիտուտը 2010 թվականից EURHODIP-ի անդամ է, ուսումնական հաստատության ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ այդ կառույցի տնօրենների խորհրդի անդամ: EURHODIP-ում ներկայացված են 39 երկրի ավելի քան 150 հյուրանոց ու տուրիզմի ոլորտի ուսումնական հաստատություն: Տուրիզմի հայկական ինստիտուտը և բուհի ուսանողուհի Մարիետա Վանոյանն այս տարի դարձել էին EURHODIP-ի հյուրանոցային մենեջմենթի ու սպասարկման ոլորտի ուսանողական նախագծերի ամենամյա MARIANNE MULLER մրցույթի հաղթողներ:

armenpress.am

Scroll Up