Կոմիտասի անվան քառյակը համերգի ողջ հասույթը տրամադրել է վիրավոր զինվորներին և զոհված զինծառայողների ընտանիքներին
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ նախօրեին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը:
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են դասական, ժամանակակից և այլ բնույթի ստեղծագործություններ, ինչպես նաև արցախահայ երիտասարդ կոմպոզիտոր Սիմոն Սարգսյանի կվարտետը՝ նվիրված Էդուարդ Միրզոյանի հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն ասել է. «Այս անգամ մենք Արցախում ենք հատուկ առաքելությամբ: Մայիսին Երևանի երաժշտական դպրոցներում, ապա Կոմիտասի անվան կամերային տանը կայացած բարեգործական համերգների ողջ հասույթը կոլեկտիվի անդամներս որոշել ենք հատկացնել ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի վիրավոր զինվորներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»:
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար, 1-ին ջութակ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Էդուարդ Թադևոսյանը, (ով հանդես է եկել աշխարհի բազում երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Մեքսիկա, Վենեսուելա, Կոլումբիա, Գերմանիա, Իսպանիա, Շոտլանդիա և այլուր), Սյուզի Երիցյանը՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյանը՝ ալտ և Հասմիկ Վարդանյանը՝ թավջութակ
Համերգին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ և արվեստասեր ներկայացուցիչներ:
Նշենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե.Գուզիկով)։ 2014 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ Կառավարության որոշմամբ քառյակին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Այն հանդիսանում է աշխարհի գործող հնագույն քառյակը: Իր պատմության ընթացքում քառյակի կազմը բազմիցս փոփոխվել է, այդուհանդերձ՝ անսամբլի նվագը միշտ առանձնացել է բարձր պրոֆեսիոնալիզմով: