Հռոմի պապի ու Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ էկումենիկ արարողություն՝ Հանրապետության հրապարակում

Հունիսի 24-ին Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը կժամանի Հայաստան: Պապի հայաստանայան այցի օրակարգը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների  պատասխանատու  Տեր Շահե ծայրագույն վարդապետ  Անանյանը: Նրա տեղեկացմամբ՝  եռօրյա այցի շրջանակներում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո  պապը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին 2-րդ  Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:  Նույն օրը երեկոյան մայրաքաղաքի հանրապետության հրապարակում տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության աղոթք: Տեր Շահե ծայրագույն վարդապետ  Անանյանի խոսքով՝ սա Հռոմի պապի հայաստանյան այցի շրջանակներում, թերևս, ամենահանդիսավոր ու մարդաշատ միջոցառումն է:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանն ու էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց առաքելական, ինչպես նաև   Հայ կաթողիկե եկեղեցիների անդամների ու  պապական պատվիրակության հետ:

Նույն օրը նախատեսվում է համատեղ հայտարարության ստորագրում: Հայտարարության տեքստը նախապես կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր վիրապի վանքում, որից հետո Հռոմի սրբազան քահանայապետը Երեւանից կմեկնի Հռոմ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների  պատասխանատուն  Կոթլիկ եկեղեցու հովվապետի հայաստանյան այցի նշանակությունը որակում է բազմաշերտ ու մի քանի շեշտադրումներ անում։ Նախ՝ 2015- ի ապրիլին Ֆրանցիսկոս պապը խոստացել էր այցեալել Հայաստան, երկրորդ՝ որ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիները բարեկամական ջերմ հարաբերություններ ունեն եւ այցը դա ամրապնդելու եւ նոր հեռանկրաներ բացելու նպատակ ունի։

Այցի երրորդ կարևորագույն  նշանակությունը. երկու հովվապետերի խաղաղության աղոթքը տարածաշրջանում խաղաղության հաստատման ու կրոնական հանդուրժողականության հրաշալի ուղերձ կարող են լինել։

Scroll Up