Կրասնոդարում կայացավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի կրթական գործի ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/արմատ10.jpg)
2016թ. հունիսի 5-ին Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի «Վարդանյան» կենտրոնում կայացավ Թեմի կիրակնօրյա դպրոցների հայոց լեզվի, հայրենագիտության և հայ եկեղեցու պատմության ուսուցիչների առաջին թեմական խորհրդակցությունը։ Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում է Երազիկ Հարությունյանը:Կազմակերպչի և հյուրընկալի դերը, Գերաշնորհ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի հանձնարարականով, ստանձնել էր կենտրոնի «Արմատ» դպրոցը։ Խորհրդակցության նպատակներն էին. ա) «Վարդանյան» կենտրոնը վերածել Թեմի բոլոր աշակերտների և ուսուցիչների համար հայկական կրթության ու մշակույթի կենտրոնի, բ) թեմի բոլոր կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական և մշակութային գործընթացները իրականացնել համատեղ ծրագրերով, 3) ձևավորել և զարգացնել ներթեմական կապեր։
Հոգևորականներ և մանկավարժներ էին ժամանել Աբխազիայի, Սոչիի, Պյատիգորսկի, Անապայի, Տուապսեի, Արմավիրի, Եսենտուկիի, Էդեսիայի, Բելորեչենսկի, Մայկոպի, Ստարոկորսունսկի, Պաշկովկայի կիրակնօրյա դպրոցներից։ Խորհրդակցությանը ներկա էին նաև «Արմատ» դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմը և Կրասնոդարի հայոց լեզվի բոլոր ուսուցիչները։
Կրասնոդար ժամանած հյուրերը նախ մասնակցեցին Ս. Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ և անմահ Պատարագին, ապա՝ նրանց ընդունեց և ողջույնի ու օրհնանքի խոսքեր ասաց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը։ Սրբազան Հայրը հնչեցրեց այն ծրագրային միտքը, որ ավելի բարձր ոչինչ չկա, քան ծառայությունը սեփական ժողովրդին, իսկ Սփյուռքում հայերենի ուսուցիչը ոչ թե աշխատում է, այլ ծառայում է իր հազարամյա ազգին, հորդորեց մանկավարժներին անսասան և ամուր լինել՝ իրենց ընտրած վերընթաց ճանապարհով առաջ շարժվելիս։ Սրբազան Հայրը բոլոր դպրոցներին նվիրեց հրաշալի հրատարակչությամբ «Աստվածաշունչ»։
Մովսես Սրբազանը հետագա աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու համար թեմական կիրակնօրյա դպրոցների համակարգողներ նշանակեց արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Միրզոյանին և Երազիկ Հարությունյանին:
Անսահման ցանկալի, ջերմ ընդունելությունից և լսած իմաստուն խոսքերից ոգևորված հյուրերը, ստանալով աշխատանքային համապատասխան թղթապանակներ, բարձրացան «Վարդանյան» կենտրոնի փոքր դահլիճ, ուր և ծավալվեց ելույթների ու քննարկումների բուռն ընթացքը՝ նախօրոք մշակված ծրագրով։ Խորհրդակցությունը բացեց «Վարդանյան» կենտրոնի տնօրեն արժանապատիվ Տեր Սարգիս ավագ քահանա Թաշջյանը, իսկ թեմական խորհրդի անդամ Կարեն Գրիգորյանը՝ ողջույնի խոսքից հետո, ուսուցիչներին նվիրեց կենտրոնի հրատարակած դասագրքերը։ «Արմատ» դպրոցի գործունեության 9 տարիների ընթացքում ստեղծված ծրագրերի և դասագրքերի մասին մանրամասն խոսեցին Թեմի Երիտասարդական Միության պատասխանատու արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Միրզոյանը, ծրագրի հեղինակ, դպրոցի ուսմասվար Երազիկ Հարությունյանը, ծրագրին մասնակից ուսուցիչներ, այնուհետև նիստը շարունակեցին տարբեր մանկավարժներ իրենց ակտիվ առաջարկություններով, արտահայտած մտահոգություններով, և կարևոր լուծումների որոնման ու հայտնաբերման մատնանշումներով։ 4 ժամ տևած խորհրդակցությունը ընդունեց հետևյալ ուղեցույցը, որի տակ ստորագրեցին բոլոր մասնակիցները։
- Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի հայեցի կրթության բոլոր ջատագովների ջանքերով ձևավորել և զարգացնել համախմբվածություն եկեղեցու, հավատի, ընդհանուր հայրենասիրական իդեալների, ազգային գաղափարախոսության շուրջ։ Այդ նպատակով աստիճանաբար ձևավորել ընդհանուր մոտեցումներով և ծրագրերով համընդհանուր կրթական դաշտ։
- Ուսումնական տարվա ընթացքում, ընդգրկելով թեմի բոլոր կրթական օղակները, կազմակերպել 3 թեմական մեծ միջոցառումներ. 1) Սուրբ ծննդյան և Զատկական տոն, 2) Ուսուցիչների թեմական խորհրդակցություն, 3) Աշակերտների հայրենագիտական օլիմպիադա։ Նաև զանազան փառատոններ՝ ընդգրկելով հայ տաղանդավոր երեխաների ու պատանիների։
- Ամրապնդել մեր հազարամյա քրիստոնեական հավատը, դասաընթացի մաս դարձնել Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, անցկացնել բոլոր Տաղավար տոներին նվիրված միջոցառումներ, բոլոր հնարավոր միջոցներով և համոզիչ փաստարկներով նպաստել հայապահպանմանը։
- Հնարավորության դեպքում «Վարդանյան» կենտրոնում կազմակերպել Հայոց լեզվի, հայրենագիտության և հայ եկեղեցու պատմության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ թեմի երիտասարդ ուսուցիչների համար, մասնագետներ հրավիրելով նաև Մայր հայրենիքից։
- Կրթական և դաստիարակչական բոլոր աշխատանքներով նպաստել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանն ու փոխընբռմանը։ Ի սկզբանե սաներին ներշնչել երկու հայրենիք ունենալու և երկու մշակույթների կրող լինելու հմայիչ գաղափարը, հայ-ռուսական բարեկամության պատմական փաստերով հարստացնել նրանց աշխարհայացքը։
- Հաշվի առնելով, որ ժամանակակից երիտասարդը գերզբաղված է, իսկ հայերենը չունի այն գործնական նշանակությունը, ինչ ռուսերենը, անգլերենը կամ այլ եվրոպական լեզուներ, պետք է կարողանալ ամուր ու կենդանի պահել մայրենի լեզվի մշակույթի և ավանդույթների նկատմամբ ակնածանքի հոգևոր հիմքը։
- Մասնակցություն ունենալ բոլոր համահայկական միջոցառումների, սերտացնել և կանոնավորել կապերը Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության Կրթության և գիտության նախարարությունների, Մշակույթի նախարարությունների և Սփյուռքի նախարարության հետ։
- Համագործակցել ՌԴ հանրակրթական և լրացուցիչ կրթության օղակների հետ, կազմակերպել համատեղ միջոցառումներ։
Նիստի մասնակիցների համար «Նարեկ» համույթի և «Արմատ» դպրոցի սաները ցուցադրեցին գողտրիկ գեղարվեստական մաս, որն ընդունվեց ջերմ ծափահարություններով և հիացական գնահատականներով։ Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց նաև «Մեծ Մհեր» դասարանի աշակերտ, Կրասնոդարի մշակույթի պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետի ուսանող Արսեն Սպիրինի առաջին հեղինակային աշխատանքը՝ «Հայաստանն իմ աչքերով» վավերագրական ֆիլմը, որը հիացրեց բոլորին իր տպավորիչ կադրերով և հայրենասիրական շնչով։
Հայեցի կրթության գործիչների հետաքրքիր և բովանդակալից զրույցը մինչև ուշ երեկո շարունակվեց «Վարդանյան» կենտրոնի ճաշարանում՝ Մարգարիտա Սիմոնյանի մատուցած ազգային ճաշատեսակների և երիտասարդական կազմակերպության անդամների հայրենասիրական խրոխտ երգերի ուղեկցությամբ։
Սպասված և խիստ անհրաժեշտ հանդիպումը կայացել էր, դրվել էր մեծ գործընթացի հիմքը, բոլորը գոհ էին և հուսավառ։ Ընդհանուր են ձգտումներն ու նպատակները, մնում է կանոնավորել և միասնական հունի մեջ դնել դրանց հասնելու միջոցները։
Օրը պոկվել էր առօրյայից՝ որպես սկիզբ, որպես հետզհետե հստակեցվող ուղենիշ։