Վահան Բայբուրդյանը պարգևատրվեց ԱԳՆ հուշամեդալով
Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալով պարգևատրեց Իրանում Հայաստանի առաջին դեսպան, ականավոր արևելագետ և պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Շնորհավորելով և բարձր գնահատելով վաստակաշատ դիվանագետի, գիտնականի և կեսդարյա փորձ ունեցող մանկավարժի գործունեությունը` նախարար Նալբանդյանը նշեց. «Ձեր տարիների կուտակած փորձառությունը և գիտելիքները Դուք այսօր էլ շարունակում եք ծառայեցնել Հայրենիքին՝ բարձրակարգ արևելագետներ և միջազգայնագետներ պատրաստելով։ Դուք, որպես Թեհրանում ՀՀ առաջին դեսպան, կարևոր ներդում եք ունեցել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում»։
Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի և պարգևատրման համար՝ Վահան Բայբուրդյանը նշեց, որ այսուհետ ևս շարունակելու է իր ներդրումը բերել Հայաստանում գիտության զարգացմանը, Հայաստանի դիվանագիտական ծառայության համար նոր կադրերի պատրաստման գործում։ Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: