Հակահամակարգչային հունիսի 1-ը Ջավախքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/17-300x225.jpg)
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, օրհնությամբ և անմիջական աջակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ երեխաների պաշտպանության միջազգային օրվան
նվիրված աննախադեպ միջոցառում: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանին:
Միջոցառումը աննախադեպ էր ոչ միայն իր մասշտաբներով այլ նաև իր գաղափարով:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը կազմակերպել էր հակահամակարգչային հունիսի 1-ը։ Միջոցառումը կրում էր գաղափարին համահունչ խորագիր՝ «ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ»։
Տոնական օրը սկսվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը՝ երեխաների հետ միասին, խաղաղության աղոթք բարձրացրեցին առ
Աստված՝ խնդրելով աշխարհի բոլոր մանուկների համար խաղաղ մանկություն, կանաչ ճանապարհ:
Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրերը կատարեցին մանուկների օրհնության կարգ: Ապա խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Նա շնորհավորեց երեխաներին տոնի կապակցությամբ: Նրանց մաղթեց անհոգ մանկություն, խաղաղ երկինք, ծնողների և ուսուցիչների հետ համատեղ Քրիստոսի շավիղներով քայլելու մեծագույն առաքինություն: Արարողության ավարտից հետո երեխաները դուրս եկան եկեղեցու բակ:
Եկեղեցու բակը նման էր մի մեծ մեղվի փեթակի, ուր հավաքվել էին մի քանի հարյուր երեխաներ, որտեղ նրանց սպասում էին բազմաթիվ անակնկալներ: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում թևածում էր ուրախ տրամադրություն: Միջոցառումն ուղեկցվում էր մանկական երգ ու պարով:
Միջոցառման ամբողջ ընթացքում ներկաների համար մանկական պարեր էր պարում Նասլետ Քեյանի փոքրիկների խումբը: Եկեղեցու բակում տեղադրված էին բակային խաղերը գովազդող և հակահամակարգչային ցուցանակներ: Կազմակերպվել էին նաև բակային խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության
կողմից ստացան նվերներ: Անակնկալն էլ ավելի մեծ էր, երբ երեխաներին այցելեցին հեքիաթային հերոսները՝ իրենց հետ բերելով փուչիկներ:
Միջոցառման ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի Տան ուսուցիչները և նկարիչ
Հայկազուն Ղարագուլյանը երեխաների դեմքերին պատկերում էին մանկական նկարներ: Ապագայի տունը կազմակերպել էր նաև ցուցահանդես, ինչպես նաև նրանք երեխաներին սովորեցնում էին պատրաստել թղթից թիթեռներ և ծաղիկներ: Տոնական օրն ավարտվեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաների խաղաղության երթով:
Նրանք Խաղաղություն աշխարհի մանուկներին գրությամբ ցուցապաստառով, իրենց ձեռքերով պատրաստած աղավնիներով և փուչիկներով եկան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ ստացան օրհնություն: