Հունիսի 10-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Հայաստան ՏՏ ֆորում»-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2016թ հունիսի 10-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, Սինոփսիսի Մաունթին Վյու կամպուսում, ամենամյա ԱրմԹեք Կոնգրես գլոբալ համաժողովի շրջանակում տեղի կունենա «Հայաստան ՏՏ ֆորում»-ը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Ֆորումի նպատակն է խթանել տեխնոլոգիական աճը և ցանցային համակարգի զարգացումը, ինչպես նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներգրավել համաշխարհային տեխնոլոգիական հարթակներում:

Ֆորումի շրջանակում քննարկվելիք հարցերի հիմնական ուղղություններն են՝ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, Գլոբալ նորաստեղծ ընկերությունների էկոհամակարգի ստեղծում և կապ համաշխարհային շուկայի հետ, Հայաստանում ներդրումային հնարավորություններ և մարտահրավերներ, Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:

Հուսով ենք, որ այս ոլորտում աշխատող սփյուռքի մեր հայրենակիցներն ակտիվորեն կմասնակցեն այս կարևոր միջոցառմանը՝ Հայաստանի հետագա տեխնոլոգիական զարգացմանը նոր իմպուլս հաղորդելու համար:

Ֆորումի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք այցելել հետևյալ կայքէջ՝ itforum.eif.am:

Scroll Up