Արցախցի երեխաները նամակ են գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Այսօր` Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվան: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ծրագրի շրջանակներում կազմակերպել են տիկնիկային թատրոն` Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի և դերասանների մասնակցությամբ, նկարչություն ասֆալտի վրա՝ «Խաղաղությունը մանուկների աչքերով», նկարչություն՝ ջրաներկով, ակվագրիմ, ֆոտոմրցույթ` «Երջանիկ մանկություն» խորագրով:Այնուհետև երեխաներին շնորհավորել ու զվարճացրել են ռուսական մուլտիպլիկացիոն սերիալի հերոսներ Մաշան և Արջը, իսկ Ստեփանակերտի մշակութային օջախների սաների մասնակցությամբ տեղի է ունեցել տոնական համերգ։
Իր խոսքում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը շնորհավորել է բոլոր երեխաներին, մաղթել՝ խաղաղություն և արևշատություն:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին երեխաները նամակ են գրել, որով խաղաղություն ու ահոգ մանկություն են խնդրել»,-ասել է Կ. Հարությունյանը:
«Նման միջոցառումները խոսում են մեր երկրի պետականաշինության մասին, որովհետև մեր երկրի ապագան այս մանուկների ձեռքերում է, և նրանք են լինելու Արցախը շենացնողն ու զարգացնողը:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր փոքրիկ արցախցիներին և մաղթում նրանց խաղաղություն, առողջություն և ամենայն լավն ու բարին»,- ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը:
Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սան Անի Մանուչարյանը, ով մասնակցել է համերգային ծրագրին մեզ հետ զրույցում նշել է. «Այս օրը իմ համար յուրահատուկ է. մեր տոն օրն է։ Իմ ընկերներին ցանկանում եմ հաջողություններ՝ կյանքի բոլոր բնագավառներում»:
«Երեխաների տոնը գեղեցիկ օր է բոլորիս համար, որը միայն ու միայն ջերմություն ու ծիծաղ է հաղորդում երեխաներին ու ծնողներին,- նշել է Ստեփանակերտի ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության կապիտան Բորիս Ջալավյանը, ով որպես հայր իր երեխայի հետ եկել էր մասնակցելու տոնական միջոցառմանը:
«Տեսնելով մեր՝ Արցախ աշխարհի բալիկների ժպիտները մենք ավելի ենք ոգևորվում: Մեր բոլոր ջանքերն ու գործունեությունը հենց դրան են նպատակաուղղված: Նրանք են մեր ապագա զինվորները և մեր հայրենիքը շենացնողները: Բոլորին ցանկանում եմ հաջողություն, խաղաղություն և առողջություն»,-ասել է Բ. Ջալավյանը: