Մոսկվայում մեկնարկեց Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը

Մայիսի 28-ին Մոսկվայում մեկնարկեց հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի և Ռուսաստանի էստրադայի մեներգիչների և երաժշտական խմբերի կատարմամբ:
Համերգի բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ այսօր անտարբեր չի թողել և ոչ մեկի: «Առնո Բաբաջանյանն այն մեծությունն է, որին գնահատում և սիրում են հավասարաչափ և՛ իր հայրենիքում, և՛ դրա սահմաններից դուրս, որովհետև նրա արվեստը, արտացոլելով հայկական ոգին և շունչը, եղել և մնում է համամարդկային», – ընդգծեց դեսպան Եսայանը: Դեսպանը նաև խորհրդանշական անվանեց համերգաշարի մեկնարկի համընկնումը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա հետ, քանի որ պետությունը բացառիկ հնարավորություն է ազգի մշակութային ժառանգությունն ու ներուժը տնօրինելու և մյուս ժողովուրդներին այն մատուցելու համար:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի` որպես բացառիկ երաժիշտ և իր գործի մեծ նվիրյալ Առնո Բաբաջանյանին իր ստեղծագործությունների շնորհիվ հաջողվել է միավորել տարբեր սերունդներ և ժողովուրդներ` համամարդկային արժեքների և, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջ, ինչը մեր օրերում ստեղծված իրավիճակում առավել քան արդիական է:
Մոսկովյան համերգը կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և «Ռուսաստանում հայերի միության» կողմից` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հովանու ներքո և «Համաձայնություն» ընկերության աջակցությամբ:
Մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչև տարեվերջ Ռուսաստանում և այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, և կեզրափակվի դեկտեմբերի 11-ին՝ Մոսկվայի Կրեմլի Մեծ դահլիճում կայանալիք գալա-համերգով: