ANCA-ն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին և Օբամայի վարչակազմին կրկնապատկել ջանքերը՝ ԼՂ-ի վերաբերյալ առաջարկները կյանքի կոչելու համար

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին Բարաք Օբամայի վարչակազմի հետ միասին կրկնապատկել ջանքերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց գործընկերների ներկայացրած առաջարկներն իրագործելու համար։

Նշենք, որ այդ առաջարկներն ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։

Էդ Ռոյսի հետ հանդիպման ընթացքում ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը քննարկել է ապրիլի սկզբին ալիևյան ռեժիմի հարձակումն Արցախի վրա և դրան հաջորդած ռազմական հանցագործությունները, ներառյալ` դաժան սպանությունները, տարեց զույգի սպանությունն ու խոշտանգումը, հայ զինվորների գլխատումը։

Րաֆֆի Համբարյանն ընդգծել է կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` հրադադարի ռեժիմի պահպանման համար:

«Ամերիկահայերը գնահատում են Ռոյսի և էնգելի առաջարկները, որոնց ընդհանուր գաղափարն է ապահովել Կովկասում խաղաղությունը: Բանալին, իհարկե, դրանց իրագործումն է, և որքան շուտ, այնքան լավ, եթե մենք ցանկանում ենք խուսափել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կրկնությունից»,- նշել է նա:

 Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են`

1. շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,

2. շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,

3. շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

Scroll Up