Մորմոքող անցյալի արահետներով կամ ուխտագնացություն դեպի Պատմական Հայաստան

Մայիսի 27-ին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Ռ.Անդրյասյանի անվան երաժշտական դպրոցի համերգային դահլիճում մեծ շուքով տեղի ունեցավ լիբանանահայ դոկտոր Մինաս Գոճայանի «Մորմոքող անցյալի արահետներով» գրքի շնորհանդեսը: Ողջունելով ներկաներին՝ հեղինակն իր երախտիքի խոսքը հայտնեց, որ այսօր իր կողքին են՝ իրականացնելով իր ևս մեկ երազանք:
Մինաս Գոճայանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում: Հոր կողմից Չորք-Մարզպանցի է, իսկ մոր կողմը՝ Հաճնից (Կիլիկիա): Ստանալով միջնակարգ կրթություն Լիբանանում և Փարիզում՝ դեռ պատանի Մինասը որոշում է, որ բարձրագույն կրթությունը պետք է ստանա Հայաստանում: Սովորելով ԵՊՀ-ի բանասիրական և միաժամանակ պատմության բաժիներում՝ ստանում է մագիստրոսի ու դոկտորի կոչումեր:
1978-1991թթ-ին դասավանդել է Կիպրոսի ՀԲԸՄ Մելքոնյան կրթական հաստատությունում, այնուհետև աշխատանքի բերումով ընտանիքի հետ մեկնում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք և երկար տարիներ շարունակում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և հայ մշակույթի պատմություն առարկաները դասավանդել տեղի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում:
2006-ին հրատարկվել է Մինաս Գոճայանի «Պատմություն Չորք-Մարզպանի» հուշամատյան-պատմագիրքը: Նա նաև հեղինակ է մի շարք դասագրքերի, որոնցով մինչ օրս կրթվում են վարժարանի սաները:
Պատմական Հայաստան երկրորդ այցելությունից հետո՝ որոշում է իր հոգու մեջ հավաքված մորմոքն ու չթափած արցունքները մեկտեղել մեկ գրքում, քանի որ նրա մոտ մեծ էր ցանկությունը ինչ-որ մի բան թողնել ապագա սերնդին: Միաժամանակ հեղինակն այս գրքի միջոցով ուզում է երկխոսության մեջ բռնվել այն թուրքերի հետ, որոնք այսօր բնակվում են մեր պապերի տներում: Ի դեպ, «Մորմոքող անցյալի արահետներով» գիրքն այս օրերին թարգմանվում է թուրքերեն, որից հետո կթարգմանվի նաև անգլերեն, քանի որ հեղինակը ցանկություն ունի իր ասելիքը հասանելի դարձնել տարբեր ազգերի:
Մինաս Գոճայանը շնորհանդեսի վերջում նաև հայտնեց, որ իր հազարից ավելի տպաքանակ ունեցող գիրքը միանգամից սպառվել է: Եվ նա որոշել է ոչ թե վերահրապարակել այն, այլ ավելի հարստացնել՝ ընդգրկելով նոր պատմություններ:
Հեղինակը նաև չմոռացավերախտիքի խոսք ուղղել իր մեծ ու վաղեմի բարեկամներին՝ Լուդովիկա և Հակոբ Այնթապլայններին, որոնց շնորհիվ լույս տեսավ գիրքը։
Էմմի Մանուկյան