Հայաստանի հավաքականն ակնկալում է համայնքի աջակցությունը Լոս Անջելեսում կայանալիք հանդիպումների ժամանակ

Հայաստանի ազգային հավաքականը մարզումներ է անցկացնում Լոս Անջելեսում` նախապատրաստվելով մայիսի 28-ին եւ Հունիսի 1-ին Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի խմբերի հետ ընկերական հանդիպումներին: Մայիսի 25-ին հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ու խմբի ավագ Հենրիխ Մխիթարյանը Գլենդելում հանդիպեցին լրագրողների հետ:

«Մենք այստեղ ենք հայ համայնքի համար եւ ամեն ինչ կանե՛նք, ձեզ հաճելի պահեր պարգեւելվ»,-այսպես սկսեց իր խոսքը մեր հավաքականի ավագը: Անդրադառնալով առաջիկա հանդիպումներին` Մխիթարյանը մասնավորապես նշեց, որ կարեւոր ստուգատես է սպասվում նոր ձեւավորված մեր հավաքականին. «Դեռ բավարար չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ հավաքականների դեմ ենք խաղալու: Մեզ համար շատ կարեւոր է ուժերը փորձել լատինաամերիկյան թիմերի հետ` հատկապես նոր կազմով: Ամեն ինչ կանե՛նք լավագույնս ներկայանալու համար»: Սուքիասյանն էլ հավելեց. «Մեր հավաքականում սերնդափոխություն ենք կատարել եւ ընդգրկել ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր լավ մարզավիճակում են: Առաջիկա խաղերը նաեւ կարեւորում ենք այն առումով, որ նոր խաղացողներին պետք է փորձարկենք»: Մարզիչն ընդգծեց, որ հավաքականի հաջողության գլխավոր նախապայման է համարում ֆուտբոլիստների նվիրումը:

Անդրադառնալով Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի թիմերի հետ խաղերին, Սուքիասյանն ու Մխիթարյանը կարեւորեցին հանգամանքը, որ հանդիպումներից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործական նպատակների. «Մեզ համար շատ կարեւոր է եւ հաճելի է գտնվել այստեղ: Առավել կարեւորում եմ այն փաստը, որ հասույթը տրամադրվելու է զանազան հիվանդություններ ունեցող եւ անապահով երեխաների: Հուսով եմ, որ մեր հայրենակիցները կաջակցե՛ն մեզ իրենց ներկայությամբ, մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով»,- նշեց Մխիթարյանը:

Գերմանիայում անցկացված հարցման արդյունքում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը պատասխանեց հայ եւ օտարազգի լրագրողներին, ինչպես նաեւ երկրպագուների բազմաթիվ հարցերին, այդ թվում` իր այլ թիմ տեղափոխվելու մասին շրջանառվող լուրերին: «Ես այժմ ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային հարցերի մասին»:

Անդրադառնալով աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու Հայաստանի հավաքականի հնարավորություններին, Մխիթարյանը մասնավորապես ասաց. «Պատրաստվում ենք քայլ առ քայլ: Շատ դժվար է լինելու, քանի որ խմբում գտնվում են շատ ուժեղ հավաքականներ: Չեմ ասում, որ անհնարին է, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ ունենք մի հավաքական, որը նոր է կազմավորվում: Կփորձենք խաղալ մեր ուժերի 100 տոկոսով, եւ նույնիսկ` ավելի, որ կարողանանք լավ արդյունքներ գրանցել»: Հայաստանի հավաքականի ավագը, Լոս Անջելեսի որեւէ թիմում երբեւէ խաղալու մասին հարցին ի պատասխան նշեց, որ շատ է մտածել այդ մասին, եւ  հնարավոր է, որ մի օր հանդես գա այստեղ:

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նաեւ երիտասարդ ֆուտբոլիստներին ներկայացրեց հաջողության իր բանաձեւը. «Առաջին հերթին, ցանկացած մարդ պետք է պայքարի իր տեղը գտնելու համար: Եթե փորձում ես ինչ որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը: Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել իրենց բնագավառում եւ հաջողության հասնել: Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իրենից եւ իր աշխատանքից: Երկար ուղի է պետք  անցնել, եւ աշխատանքի շնորհիվ է միայն հնարավոր հասնել հաջողության»,- նշեց Մխիթարյանը: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մխիթարյանը խփել է 23 գոլ եւ կատարել է 32 գոլային փոխանցում:

«Ֆընիշիա» ճաշասրահում կայացած մամլո ասուլիսին ողջույնի խոսք ասեցին խաղերի նախաձեռնող` «Ինթել Ամերիկա» ընկերության ներկայացուցիչը, կազմակերպչական խմբի անդամ Հարութ Սասունյանը, Թորոս Բարսեղյանը, ինչպես նաեւ` Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ-լիազոր ղեկավար Վալերի Մկրտումյանը, Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:

«1974թ.ին, այս նույն «Ինթել Ամերիկա» ընկերությունն էր, որ «Աարարատ» ֆուտբոլային թիմի տղաներին բերեց Միացյալ Նահանգներ: Նպատակն էր, խանդավառել մեր համայնքին` ներկայացնելով միջազգային հեղինակություն ունեցող մեր ֆուտբոլիստներին, որոնց թվում էին Զանազանյանը, Իշտոյանը: Այսօր էլ նպատակը նույնն է, եւ ունենք տաղանդավոր մարզիկներ՝ ի դեմս աշխարհահռչակ Հենրիխ Մխիթարյանի: Մեր համայնքը պետք է քաջալերի մեր տղաներին, մեր հայրենիքը, մեր ժողովուրդը ներկայացնող ֆուտբոլային աստղերին»,-նշեց «Ինթել Ամերիկա» ընկերության գործընկեր Թորոս Բարսեղյանը:

Ասուլիսի ավարտին Սուքիասյանն ու Մխիթարյանը շնորհակալություն հայտնեցին հանդիպումների կազմակերպիչներին` հույս հայտնելով, որ Գվատեմալայի ու Էլ Սալվադորի դեմ խաղերի ժամանակ ստադիոնը լեցուն կլինի հանդիսականներով:

Հայաստան-Գվատեմալա հանդիպումը տեղի կունենա մայիսի 28ին` ժամը երեկոյան 7:30-ին, Կարսոնի «Սթաբհաբ սենթեր»-ում: Հայաստան-Էլ Սալվադոր խաղը կկայանա Հունիսի 1-ին` ժամը 7:30 Կարսոնի «Սթաբհաբ սենթեր»-ում:

Հայաստանի հավաքականը կներկայանա հետեւյալ կազմով`

Դարպասապահներ` Արսեն Բեգլարյան-«Միկա», Անատոլի Այվազով-«Փյունիկ», Գոռ Մանուկյան-«Փյունիկ»,

Պաշտպաններ` Գայել Անդոնյան-«Դիժոն» (Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյան-«Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Վարազդատ Հարոյան-«Փյունիկ», Տարոն Ոսկանյան-«Փյունիկ», Կամո Հովհաննիսյան-«Փյունիկ», Լեւոն Հայրապետյան-«Փյունիկ», Սերգեյ Ավագիմյան-«Արարատ», Արտակ Եդիգարյան-«Ալաշկերտ»,

Կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան-«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի-«Ալ-ռաեդ» (Սաուդյան Արաբիա), Արաս Օզբիլիս-«Ռայո Վալեկանո» (Իսպանիա), Գոռ Մալաքյան-«Ստալ» (Ուկրաինա), Դավիթ Մանոյան- «Փյունիկ», Դավիթ Հակոբյան-«Շիրակ», Տիգրան Բարսեղյան-«Գանձասար» (Կապան), Բենիկ Հովհաննիսյան-«Արարատ», Զավեն Բադոյան-«Բանանց»,

Հարձակվողներ` Էդգար Մանուչարյան-«Ուրալ» (Ռուսաստան), Արթուր Սարկիսով-«Վոլգա» (Ռուսաստան), Գեղամ Կադիմյան-«Կարպատներ» (Ուկրաինա):

Նանե Ավագյան 

Ասպարեզ

Scroll Up