Ֆրանսիացի պատգամավորները եղան դիրքերում, տեսան Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները

Արցախի ֆրանսիացի բաեկամները Թալիշում կրկին ականատես եղան պատերազմի ցավալի հետեւանքներին: Այդ հետեւանքներից ամենացավալին Թալիշի ամայացումն է: Ավերակ տներ, անխնամ այգիներ: Ու հանկարծ ֆրանսիցիներին ողջունում է գյուղացիներից մեկը, գրում է armradio.am-ը:
Զարմացած ֆրանսիացիներին հարցը թվում է տեղին, բայց արցախցու համար անտրամաբանական է հնչում:
— Ինչու եք մնացել այստեղ:
-Բա իմ տունն է, ինչ պիտի անեի: Եկեք գնանք բաղը: Հողում պահած օղի ունեմ:
-Կբերեք երեխաներին:
-Ոչ:
Բորիս Մեժլումյանի բազմամարդ ընտանիքը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ցրվել է: Ինքը նախկին զինվորական է: Մնացել է` Թալիշի վերականգնումը տեսնելու հույսով: Ֆրանսիացի պատգամավորներին ճանաչելով`խնդրում է իր ուղերձը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
« Ասեք՝ օգնեն, որ մեր գյուղացիները վերադառնան: Մեր գյուղը երկու անգամ տեղահանվել է :Մի՞թե աշխարհը դա չի տեսնում»,- ասում է։
Պատգամավորները խոստանում են թալիշցու ուղերձը փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ղեկավարությանը: Ռնե Ռուքեն ասում է, որ ռմբակոծությունների, ադրբեջանցիների կողմից բնակիչների սպանության հետեւանքով տեղահանված Թալիշում թալիշցու հետ հանդիպումը բացառիկ էր ինքնին, ուղերձն` առանձնապես:
Արցախի ֆրանսիացի բարեկամներն ի պաշտպանություն Արցախի՝ իրենց ձայնը բարձրացրել են ապրիլյան ագրեսիայի օրերին, բայց ասում են, որ ավելին անելու համար պետք է գային ու տեղում տեսնեին պատերազմի հետեւանքները: Նրանք եղան պաշտպանության բանակի այն դիրքերում, որտեղ ապրիլի 2-5 –ը մարտեր են մղվել: Զրուցեցին զինծառայողների հետ: Տպավորված էին երիտասարդ մարտիկների կամքով:
Արդեն Մարտակերտում շրջանի սահմաններում եւ բնակավայրերում ապրիլի սկզբին եւ այսօր տիրող իրավիճակի մասին ֆրանսիացի պատգամավորները զրուցում են շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ:
Իրենց տեսածն ու լսածն օգնելու է, որպեսզի կարողանան ավելի լավ բացատրել իրենց իշխանություններին, ԵԱՀԿ ՄԽ ներկայացված դեսպանին իրերի վիճակը: Արցախի բարեկամները հակամարտութայն լուծման բանալին գիտեն` Լեռնային Ղարբաղը չի կարող դուրս մնալ բանակցություններից, իսկ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի Արցախի ճանաչումը: