ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/dd797a18-dca7-41d3-a3f3-cda0d41820ef.jpg)
Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը արժևորեց Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Ավստրալիայում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից 2009թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այն որակելով որպես մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործոն:
Նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:
Նորանշանակ դեսպան Փիթեր Թեշը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Ավստրալիայի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի, սպորտի և քաղաքականության բնագավառներում: