#ԵկԱրցախ. նոր նախաձեռնություն՝ ի զորակցություն Արցախի. տեսանյութ

Ամառային սեզոնին ընդառաջ՝ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով կոչ է անում հայությանը իրենց արձակուրդների մի մասը անցկացնել Արցախում՝ մասնակցելով նաև այդ կապակցությամբ կազմակերպվող ֆլեշ մոբին:

Հայերն այսօրի փոխանցմամբ՝ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը իր ֆեյբուքյան էջում կատարած գրառման մեջ, մասնավորապես, ասել է.

«Սիրելի՛ հայություն,

Մի ֆլեշ մոբ ենք սկսում, որի շրջանակներում պետք է նկարահանվենք (կա՛մ տեսանյութով, կա՛մ լուսանկարով) Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանշի հետ և կոչ անենք մեր ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: Տվյալ տեսանյութը կամ լուսանկարը ֆեյսբուքում տեղադրելիս՝ պետք է նշել (թագ անել) առնվազն երեք ընկերների, ովքեր իրենց հերթին պետք է 3-օրյա ժամկետում միանան ֆլեշ մոբին, ինչպես նաև արձակուրդի ընթացքում այցելել Արցախ:

Գրառումը կատարելիս ցանկալի է օգտագործենք #ԵկԱրցախ հաշթագը (արցախյան բառբառով նշանակում է «Արի Արցախ»), նույնը կատարել Արցախ այցելելուց հետո, որպեսզի բոլորը համոզվեն, որ իրագործել եք Ձեր խոստումը:

Այս ֆլեշ մոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո»:

Ի դեպ, նախաձեռնությանը արդեն միացել են հայկական շոու-բիզնեսի աստղեր, հայտնի հայեր:

Տեսանյութն՝ այստեղ:

Scroll Up