Լիտվա. Վախճանվել է Կլայպեդայի հայ համայնքի ղեկավար Մանվել Գալստյանը

Մայիսի 20-ին  Լիտվայի Կլայպեդա քաղաքում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է տեղի հայ համայնքի ղեկավար Մանվել Գալստյանը։ Նա ծնվել էր 1957 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում, 1982-ին ավարտել էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարարկան բաժինը։ Բարի ու հայրենասեր հայորդուն հանդիպել էինք 2013ի դեկտեմբերին Վիլնյուսում, երբ պատրաստում էի Լիտվայի հայ համայնքին նվիրված հոդվածաշարը։  ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին եւ ողջ լիտվահայ համայնքին՝ ծանր կորստյան առիթով։ 

Ստորեւ ներկայացնում ենք 2013 թվականի դեկտեմբերին Մանվել Գալստյանի հետ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի  հետ ունեցած զրույցը՝ նվիրված Կլայպեդայի հայ համայնքին։

Կլայպեդայի ՎԱՆ համայնքի ղեկավար Մանվել Գալստյանը 1982 թ-ին, ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, էստոնական Տալլինում աշխատելու ուղեգիր է ստացել։ Շուտով նրան նշանակում են իրենց ընկերության  Կլայպեդայի/Լիտվա/ մասնաճյուղի ղեկավար ու այդպես 1987 թվականից հաստատվում է Լիտվայում։ Դեռ Տալլինում  ամուսնացել է  լիտվուհու հետ, ունի երկու դուստր։

Ահա թե ինչ է պատմում նա տեղի հայ համայնքի մասին. ՙԿլայպեդայի հայ համայնքը գրանցվել է  2003-ին, մոտ 200 անդամ ունի։ 50 ընտանիք է ապրում, երիտասարդների թիվը 50 է։  Շատերն են մեկնել արտասահման  աշխատելու կամ սովորելու, հիմնականում՝ Անգլիա, Գերմանիա, Դանիա։ Երիտասարդները կապը պահում են եւ չեն հրաժարվում հայ լինելուց։ Ակտիվությունը տարբեր է։ Շատ են խառը ամուսնությունները։ Մի քանի ընտանիքներում նույնիսկ լիտովցիները խոսում են հայերեն։ Հայերը Կլայպեդայում հարմարվել են։  Այստեղ մթնոլորտը  տարբեր է, տարբեր ազգեր կան, եւ լիտվերենի խիստ հսկողություն չկա։ Ռուսերեն եթե հարցնես՝ պատասխան կստանաս։ Նաեւ մեծահասակ հայեր կան, որ լիտվերեն լավ չգիտեն։

Մեր քաղաքի հայտնի հայերից են դաշնակահար Նարա Ստեփանյանը, ով հաճախ է հանդես գալիս ոչ միայն մեզ մոտ, այլեւ Հայաստանում։ Նրա ընտանիքը 4 տարի է, ինչ Երեւանից տեղափոխվել է։ Նաեւ  ֆուտբոլիստներ ունենք, որ Կլայպեդայի ֆուտբոլի թիմում են խաղում։ Երաժիշտներ, որ նվագում են Լիտվայի տարբեր նվագախմբերում։ Բժիշկներ ունենք, օրինակ Ալբերտ Ալբերտյանն իր սեփական կլինիկան բացեց, համասեփականատեր է։ Հայերի մեծ մասն ունեն ռեստորանային բիզնես, շինարարներ էլ  կան։ Ինքս դիզայնով եմ զբաղված, աշխատում ենք նաեւ եվրոպական այլ երկրների հետ։ Երեխաներս տանը լիտվերեն են խոսում, իսկ ինձ հետ՝ հայերեն։ Այժմ նրանք Հոլանդիայում են սովորում։ Նրանք ովքեր մնում են այստեղ,  մասնակցում են մեր միջոցառումներին։

Կիրակնօրյա հայկական դպրոցում սովորում են 7-9 տարեկան 12 երեխա։ Պարի ու  թատերական խմբեր ունենք, իսկ ներկայացումների սցենարները երիտասարդներն են գրում։

Կլայպեդայի հայերը նաեւ մասնակցում են Ազգային փոքրամասնությունների միջոցառումներին, հայկական տոներին, նշում ենք Վարդավառը։ Ցուցահանդեսներ ենք կազմակերպում, հայ կոմպոզիտորների ստեղծագործական երեկոներ՝ հրավիրելով օտարներին։ 2015-ի ապրիլի 18-ին Կլայպեդայի կենտրոնում խաչքար ենք դրել՝ նվիրված Եղեռնի 100-րդ տարելիցին՚։

Լուսանկարը՝ Հակոբ Ասատրյանի-ՕՐԵՐ

«Օրեր»

Վիլնյուս -Պրահա

Scroll Up