Աշխարհի ամենակարևոր և ամենաթանկ վայրը այն խրամատն է, որը պաշտպանում է ամենախիզախ հայ զինվորը

 «Երբեմն   ամաչում եմ,   բայց   մի  ներքին  մղում  ինձ  ստիպում   է սիրել  զենքը»Տողը կարդում եմ, ապա նայում նրան…  Փոքրահասակ է նա, նուրբ դիմագծերով, երբեմն մտքերի մեջ խորասուզված, երբեմն ժպտացող դեմքով սիրունատես մի աղջիկ: Միտքը լրացնող տողերի հաջորդականության մեջ ես նորից նրան եմ տեսնում. «Ես զենքը համարում եմ ինքնապաշտպանության միջոց: Տարիներ շարունակ միայն զինվորական համազգեստով եմ տեսել հորս, ամիսներ հետո եղբայրս կզինվորագրվի… Այս գիտակցումը սրտումս բացված վախի ու անհանգստության խորշերը հպարտությամբ է լցնում: Ուզում եմ վարակել բոլորին այն գիտակցությամբ, որ աշխարհի ամենակարևոր և ամենաթանկ վայրը մեզ համար այն խրամատն է, որը պաշտպանում է աշխարհի ամենախիզախ հայ զինվորը»:

Տողերը վազում են աչքերիս առջևով, ես այնտեղ տեսնում եմ նաև մանկավարժիս, մեր շրջապատում ապրող բոլոր մարդկանց` ամեն տարիքի` մեծ ու փոքր, որ «հրետակոծության արձագանքներից անքուն գիշերներ անցկացնելուց հետո առավոտյան հանգիստ ընթացքով մանկապարտեզ, դպրոց ու աշխատանքի են շտապում: Մարդիկ, ովքեր իրենց դժգոհությունը հայրենիքի հանդեպ ատելության չեն վերածում, այլ հայրենիքն ընկալում են որպես արյամբ ներծծված մի սրբազան տարածք»:

Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված եմ տեսնում իմ աշակերտուհուն, ում համար արդեն կարևոր չէ, թե մեր տուն-բնակատեղին Հայաստանի ու Արցախի որ կետում է գտնվում` «խոր թաքնված» մի քաղաքու՞մ, թե՞ սովորական ինքնաձիգի ու տանկերի արկերին հասու սահմանամերձ գոտում: Եվ ես նրան  հպարտությամբ  ուզում եմ ասել, որ պետք չէ ամաչել, երբ մի ինչ-որ ներքին մղում ստիպում է քեզ սիրել զենքը: Նույնիսկ որքան էլ ցավալի հնչի խոսքս, մեր օրերում մենք բոլորս պիտի սիրենք զենքը, որ սահմանի մոտ այն դարձել է մեր գոյության ու ապրելու երաշխավորը: Առավել ևս   հպարտությունս կրկնապատկվեց,  երբ իմացա, որ    Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթում իմ աշակերտուհու ստեղծագործական շարադրանքն արժանացել է  առաջին մրցանակային տեղին:

Ստորև «Հայերն այսօրը»  ներկայացնում է 10-րդ  դասարանի աշակերտուհի Սեդա  Գրիգորյանի շարադրությունը.                                                        Հայրենիքի  սահմանների  պաշտպանությունը   բոլորիս  սրբազան  պարտքն  է

Ես  ծնվել  եմ  Արցախում,  21-րդ  դարի`  իմ  քաղաքի  առաջին ծնունդն  եմ  ես`  01.01.2001 «ոսկյա»  տարեթվով: Ուսուցչուհիս հարցրեց, թե ո՞ր երկրում կցանկանայի  մեծանալ, առանց վարանելու մտածեցի` եթե հարցը ինձ մի քանի տարի առաջ տրվեր, ես վստահությամբ կասեի, որ ցանկանում եմ ապրել Վանաձորում, որտեղ գտնվում են բոլոր հարազատներս: Իսկ հիմա, երբ արդեն քիչ թե շատ մեծացել եմ ու նորովի եմ ճանաչում աշխարհը, փորձում եմ իմ մեջ գտնել այն առավել թանկ վայրը, որին ես «Հայրենիք» կանվանեմ: Այն հանգամանքը, որ ես ծնվել եմ Մարտակերտում դարասկիզբ խորհրդանշող այդ հրաշալի օրը, ինձ ավելի է կապում այս հող ու ջրին, և կարծում եմ, որ պատահական այս կյանքում ոչինչ չի լինում: Ծնողներս Արցախից չեն, բայց արդեն քսան տարի է, ինչ հայրս պաշտպանում է հայրենի քաղաքիս սահմանը: Ու հիմա ես մտածում  եմ` ո՛րը նախընտրեմ` իմ հարազատների բնօրրան Վանաձո՞րը` այդ խաղաղ ու գեղեցիկ քաղաքը, որտեղ հիմա միակ եղբայրս է ապրում ու սովորում, թե՞ Մարտակերտը` այս կիսավեր, փոշոտ, իր բնակիչներին միշտ լարված պահող քաղաքը, որտեղ իմ մանկությունն է, հիշողություններս ու մեր տունը:  Դեռ դպրոց գնալուց առաջ ես անգիր գիտեի ու կարծես հասկանում էի Թումանյանի «Ամենից լավ տունը»: Հիմա եմ հասկանում, որ մեծ ու շքեղ քաղաքներում հոգիս ճնշվում է և ուզում եմ ժամ առաջ վերադառնալ «մեր հին խրճիթը»: Ես սիրում եմ իմ ծննդավայրը և ուզում եմ,  որ  իմ Արցախը վերջնականապես ազատվի պատերազմի հետքերից ու նոր պատերազմի վտանգներից: Ես ուզում եմ մեծանալ այս հողի վրա, որտեղ բոլորը, ինչպես իմ շքեղ քաղաքում, հայերեն են խոսում ու մտածում հայերեն: Ուզում եմ նաև դառնալ լավ մասնագետ ու իմ հնարավորությունները ծառայեցնել հայրենի Արցախիս: Հայոց միասնական հողում  իմ  ապրելու համար ընտրում  եմ  սահմանի մոտ գտնվող այն աշխարհը, որտեղ տագնապ կա ամենուր ու մահվան սարսուռ, սեր կա անչափելի ու միասնական ոգի…

Ամեն  օր համոզվում եմ,  որ  սահմանամերձ բնակավայրում  հայրենասիրությունը մեր արյան բաղկացուցիչ տարրն է կազմում, բանակային համազգեստը` մեր սիրելի հագուստը, իսկ  զենքը` մեզ  համար  սիրելի մի  իր: Երբեմն ամաչում եմ, բայց մի ներքին մղում ինձ ստիպում է սիրել զենքը: Ես  այն  համարում  եմ ինքնապաշտպանության միջոց:  Գուցե դա նրանից է, որ տարիներ շարունակ միայն զինվորական համազգեստո՞վ եմ տեսել հորս: Ճակատագրի կամոք սահմանի, հայրենիքի, հայրենասիրության մասին իմ պատկերացումները ձևավորվել են զգացածիս հիման վրա: Չգիտեմ` ում համար  ինչպես, բայց իմ հայրենիքն այստեղ   սկսվում է սահմանից, որտեղ  ես  ապրում եմ: Այստեղ հրադադարներին մարդիկ ստեղծագործող, արարող, կառուցող են, իսկ թշնամու ոտնձգությունների ժամանակ ազգովի զինվոր  են դառնում: Այստեղ բոլորը,  անկախ իրենց  զբաղվածությունից ու մտածելակերպից, գիտեն խաղաղության արժեքը: Ու բոլորիս համար գերնպատակ խաղաղությանը ստորադասվում են անձնական ու կենցաղային բոլոր խնդիրները: Այստեղ տանտիրոջ իրավունքով, տանտիրոջ գորովանքով ենք սիրում մեզնից  ոչ հեռու ապրողների խաղաղ ու անվտանգ գոյության երաշխավորին` հայ զինվորին: Այն զինվորին, ով համազգեստ հագնելով ու զենքը ձեռքը վերցնելով` տղայից միանգամից վերածվում է հայրենիքի պաշտպանի… Զարմանալի չէ՞, արդյոք, որ չենք ընկրկում թշնամու ո՛չ մեծաթիվ լինելու, ո՛չ ավելի շատ ռազմատեխնիկա ու ռազմամթերք ունենալու, ո՛չ էլ`  նրանց հավակնությունների առաջ: Սա քաջություն է, հպարտություն, կամք: Սա սեփական ուժի գիտակցում է, որ պիտի ունենանք բոլորս: Երբեմն   մեր գիշերներն աղավաղում են թշնամու ականանետերի լույսերն ու թնդանոթների ձայները,  բայց գիտենք, որ   առավոտյան պիտի դասի  գնանք  ու աշխատանքի շտապենք,   ասես ոչինչ էլ չի եղել: Գիտենք,  որ  պիտի վաղվա օրվա նպատակներ ունենանք ու դրան հասնելու նախնական  քայլերն անենք: Սա արդեն հերոսություն չէ՞, որ սահմանին ապրողը չի հիասթափվում, չի հուսահատվում, փախչելու փորձեր չի անում:

Ամիսներ հետո եղբայրս կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը` իմ ու բոլորիս հայրենիքի: Այս գիտակցումը սրտումս բացված վախի ու անհանգստության խորշերը հպարտությամբ է լցնում: Ուզում եմ վարակել բոլորին այն համոզմունքով, որ աշխարհի ամենակարևոր ու ամենաթանկ մասը մեզանից ոչ հեռու  գտնվող  խրամատն է, որը պաշտպանում է երկրիս  ամենախիզախ հայ զինվորը…Նաև  հավատացած  եմ, որ   աշխարհի  բոլոր քաղաքացիների  մեջ  ամենից շատ  հայրենասերները հայրենիքի դարպասների մոտ ապրողներն են, անքուն գիշերներից հետո առավոտյան հանգիստ ընթացքով մանկապարտեզ, դպրոց ու աշխատանքի շտապող սովորական մարդիկ,  բոլոր նրանք, ովքեր կառչած են այս հողին  և իրենց  կիսաքանդ   օջախներին: Մարդիկ,  ովքեր չեն քննադատում, ովքեր իրենց դժգոհությունները հայրենիքի նկատմամբ ատելության չեն վերածում, այլ հայրենիքն ընկալում են  որպես արյամբ ներծծված մի տարածություն… Քանի՜-քանի՜ նվիրյալ նահատակի երազանք մնաց այս հայրենիքը, իսկ որ ավելի սարսափելի է` քանի՜-քանի՜սն անհայտ կորած, անգերեզման, անճակատագիր մնացին` մի անդարման վերք բացելով իրենց որոնողների, իրենց սպասողների սրտերում…

Հեթանոս բազմաստվածներն անգամ այսքան զոհաբերություն չեն պահանջել… Այս հայրենիքն անգին է դարձել, անգնահատելի: Դա հստակորեն գիտակցելով` մեզանից   յուրաքանչյուրը  պիտի նախ և առաջ հայրենիքի պաշտպան լինի, հայրենիքի անվտանգության, բարօրության, առաջընթացի պաշտպան: Այդ դեպքում  արդեն կարևոր  չէ, թե մեր տուն-բնակավայրը Հայաստան կամ Արցախ աշխարհի որ կետում է գտնվում`   «խոր թաքնված» մի բարեկեցիկ քաղաքում, թե՞ սովորական ինքնաձիգի ու տանկերի արկերին հասու սահմանագծին…

Նատաշա  Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի 

                                                       

                  

Scroll Up