Թուրքիայում ավերվել է Քղիի հայկական վերջին եկեղեցին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/Kigi.jpg)
Թուրքիայի Քղի գավառի Աչըքգյունեյ (Սիվգելիք) գյուղի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից:
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, 2015 թ. դեկտեմբերի 3-ին 5.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից տուժել են նաեւ հիշյալ գյուղի 35 տներ:
Ըստ աղբյուրի` գյուղի հայկական անվանումը Սերկեւիլ է: Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո սույն գյուղի անունը եւս թուրքացվում է եւ նախ վերածվում Սիվգելիքի, ապա` դառնում Աչըքգյունեյ:
Գյուղի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին կառուցվել է 1139 թվականին, իսկ 1867 (1870) թ.` վերականգնվել կարինցի (էրզրում) Կարապետ աղա Մուրադյանի և նրա բարեգործ տիկնոջ` Հուղիսայի միջոցներով: Մինչև 1915 թ. Ցեղասպանությունը եկեղեցու հարևանությամբ գործել է նաև հայկական դպրոց:
Աղբյուրի համաձայն` գյուղում մինչ օրս հավատում են, որ լուսնոտությամբ տառապող հիվանդներին հնարավոր է բուժել սույն եկեղեցում գտնվող անկողնում: