«Հայկական աշխարհը համացանցում» խորագրով գիտաժողով Երևանում
Հարգելի՛ գործընկեր,
ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի գործակցությամբ 2016 թ. օգոստոսի 25-26-ը կազմակերպում են «Հայկական աշխարհը համացանցում» խորագիրը կրող գիտագործնական միջազգային գիտաժողով:
Գիտաժողովը նպատակ ունի փոխճանաչելիության և փոխգործակցության նպատակով քննարկման հրավիրելու հայագիտության՝ հայոց պատմության, լեզվի և գրականության, կրոնական, ինքնության տարաբնույթ խնդիրների շուրջ ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի գիտակրթական, մշակութային, լրատվական, գրադարանային դաշտին առնչվող առաջատար կառույցների, կազմակերպությունների համացանցային հարթակներում ներկայացված կայքերի, սոցիալական ցանցերի և բլոգոլորտի պատասխանատու ներկայացուցիչներին, հնարավորություն ընձեռելու համատեղ ազգօգուտ համացանցային տեղեկատվական նախագծեր ծրագրելու, համացանցային հարթակում հայակենտրոն տեղեկատվական տիրույթի ձևավորմանը նպաստելու:
Մասնակցության հայտը, ներառյալ զեկույցի ամփոփումը լրացնելու համար խնդրում ենք մուտք և լրացնել հայտը: Ձեր հայտը մեր կողմից դիտարկելուց հետո Ձեր նշած էլ. փոստին կստանաք պատասխան:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 15-ն է:
Զեկույցի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 30-ն է:
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններ.
1.««Հայկական աշխարհը» համացանցի գիտակրթական հարթակում»:
2.«Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում»:
Ձեր կողմից ներկայացրած զեկույցը իր բովանդակային ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտաժողովի վերը նշված երկու թեմատիկ ուղղություններից մեկին:
Զեկույցը պետք է բովանդակային առումով վեր հանի խնդրահարույց հարցեր, դիտարկի հարցի անցյալի և ներկայի իրավիճակները, ներկայացնի հնարավոր լուծումների և առաջարկների տարբերակներ: Գիտաժողովի հիմնական գործածական լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Գիտաժողովի ամփոփումներն ու զեկույցները լույս են տեսնելու առանձին ժողովածուի տեսքով: Հայտը հաստատվելու դեպքում պատրաստ ենք ապահովել Ձեր գիշերակացը և կեցությունը:
Չափանիշներն են`
Զեկույցը ուղարկեք conference@armin.am էլ.փոստին (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG ձևաչափերով): Զեկույցը ընդունվում է հայերեն, իսկ ռուսերեն կամ անգլերեն տարբերակի դեպքում պարտադիր է նաև ներկայացնել հայերեն (շուրջ 5 էջ):
1.Տառատեսակը հայերեն` Sylfaen, այլ լեզուներինը` Times New Roman:
2.Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:
3.Զեկույցի սկզբում դրվում է հեղինակի անուն, ազգանունը (գլխատառերով), գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլ. փոստի անվանումը, զեկույցի վերնագիրը (գլխատառերով):
4.Զեկույցի մեջ տեղ գտած հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում է աղբյուրի հեղինակի ազգանունը, անվան և ազգանվան առաջին տառերը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը, իսկ համացանցային հղման դեպքում՝ նյութի հեղինակի (եթե առկա է) ազգանունը, անվան և ազգանվան առաջին տառերը, վերնագիրը, ամբողջական հղումը (URL) և հղումը կատարելու ամսաթիվը` (00.00.2016):
5.Զեկույցին կից պետք է գրել 12 բանալի բառեր:
ԿԱԶՄԿՈՄԻՏԵ