Գերմանիայի գավաթի եզրափակչից հետո Մխիթարյանը կմեկնի Անգլիա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/49.thumb_.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ, որն ավարտվում է 2017 թ.-ին:
Ինչպես տեղեկացնում է sportfakt.ru-ն, Մխիթարյանին իրենց շարքերը տեսնելու ամենամեծ հավանականությունն ունի Լոնդոնի «Արսենալը»: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, և այժմ բանակցային փուլը շարունակվում է ակումբների միջև: Հետաքրքիրն այն է, որ 3 տարի առաջ «Արսենալի» սկաուտներն Արսեն Վենգերին խորհուրդ էին տվել դիտարկել Մխիթարյանին թիմ բերելու տարբերակը, սակայն ֆրանսիացի մասնագետը թերահավատորեն էր մոտեցել նրանց խորհրդին:
Բացի այդ, 2013 թ.-ին, երբ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», Վենգերը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ այդ տրանսֆերն իրեն ամենևին չի տպավորել, սակայն որոշ ժամանակ անց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գոլի շնորհիվ դորտմունդցիները 2:1 հաշվով Լոնդոնում կարողացան հաղթել «Արսենալին»:
Գաղտնիք չէ, որ Մխիթարյանը մանկուց երկրպագում է «Արսենալին» և հիանում է Վենգերի աշխատանքով: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի մասնագետն արդեն հետևում էր Մխիթարյանի խաղին, իսկ հետո հայտարարեց նրան ձեռք բերելու մտադրության մասին: Մխիթարյանին իրենց շարքերում է ցանկանում տեսնել ոչ միայն «Արսենալը», այլև «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:
Աղբյուրը հավաստիացնում է, որ Հենրիխն արդեն Լոնդոնում տուն է գնել: Սպասվում է, որ տրանսֆերը կկայանա մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենթուսը», սակայն «Արսենալ» տեղափոխվելու տարբերակն աղբյուրն ավելի հավանական է համարում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գերմանական ակումբում հանդես է գալիս 2013 թ.-ից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 51 հանդիպման` դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ, գրում է panorama.am-ը: