Շուշիում դիմավորել են արցախցի չեմպիոներին. լուսանկարներ

Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված (մայիսի 12-15-ը) Քունկ ֆուի Եվրոպայի առաջնության արցախցի մասնակիցների դիմավորման արարողությունը:Նրանց դրոշներով ու պաստառներով դիմավորելու էին եկել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ ԿԳՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը, մարզիկների ընկերներն ու երկրպագուները, ովքեր չեմպիոներին դիմավորել են դափնեպսակներով ու ծափողջյուններով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը ողջ հայության անունից շնորհավորել է չեմպիոներին` ասելով. «Դուք դժվարին պայքարում կարողացել եք արժանանալ մեդալների: Դուք այնտեղ հավասար պայմաններում չեք մրցակցել: Մեր հարևան պետության ներկայացուցիչների համար դուք ոչ թե մրցակից եք եղել, այլ թշնամի: Դա շատ ցավալի փաստ է, որովհետև սպորտի բնագավառում պետք է ազնիվ մրցակցություն լինի: Այդ մրցապայքարում ձեր ձեռք բերածը շատ ավելին է, քան զուտ սպորտային հաղթանակը. դուք բարձր պահեցիք արցախցու պատիվը` այնտեղ ծածանելով մեր եռագույնը: Դուք ձեր հաղթանակով այնքան նման էիք մեր հայրենիքի սահմանը պատվով պաշտպանող զինվորներին»:

ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Մերձավոր արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, հայ Սև գոտիների միության, արևելյան մարտարվեստների վարպետ Կարո Քեբաբջյանն էլ իր խոսքում նշել է, որ մրցույթին մասնակցել են 11 երկրի մարզիկներ:

«Արցախից մասնակցում էր 5 մարզիկ. նրանք Արցախ են բերել 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Եթե մարզիկներից մեկը չվնասվեր, կունենայինք 5 ոսկի: Այս հաղթանակը մեզ համար նաև բարոյական արժեք ունի: Ադրբեջանը պղծել է այս սպորտի փիլիսոփայական էությունը և մրցումներում որակազրկվել: Այն, ինչ կատարվել է այնտեղ, մի անգամ ևս ցույց է տվել ադրբեջանցիների իսկական դեմքը: Ներկաները և սոցցանցերին հետևողները ևս համոզվել են, որ հայերս քաղաքակիրթ ազգի ներկայացուցիչներ ենք, իսկ ադրբեջանցիները՝ վայրագ,-ասել է Կ. Քեբաբջյանը և, ցույց տալով գետնին ընկած ադրբեջանական դրոշը, հայտարարել է,-նրանց իրենց դրոշի պես այսպես կտապալենք թե´ պատերազմի դաշտում, թե´մրցասպարեզում, թե´ գիտության և թե´ մշակույթի ասպարեզներում»:

Մարզիկ Դավիթ Պետրոսյանն էլ, ով մրցապայքարում արժանացել է արծաթե մեդալի մեզ հետ զրույցում նշել է, որ ստացած վնասվածքը խանգարել է իրեն` ոսկե մեդալի արժանանալու համար:

«Վայրկյաններ էր մնացել, որ ավարտվեր իմ և ադրբեջանցի մարզիկի մենամարտը: Կենտրոնական մրցավարը հայտարարեց «ստոպ», հետո էլ լսվել է հրահանգը` «մարտ»: Նրանք, զգալով, որ պարտվում են, դիմել են սադրիչ գործողության` ծեծկռտուքի»-միջադեպի մասին պատմել է Դ. Պետրոսյանը և հավելել, որ ինքը լավ պարապելու է` հուլիսին կայանալիք Քունկ ֆուի աշխարհի առաջնությունում առաջին տեղ գրավելու համար: Նշենք նաև, որ արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում ադրբեջանական 5 տանկ և 1 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի հարազատ ավագ եղբայրն է. նա ևս եկել էր դիմավորելու մարզիկներին:

Բոլոր մեդալակիրները հավաստել են, որ իրենց այս կարևոր հաղթանակը նվիրում են հայոց բանակին ու նրա քաջարի զինվորներին:

չեմպիոնչեմպիոն2 չեմպիոն3չեմպիոն4 չեմպիոն5չեմպիոն6 չեմպիոն7 չեմպիոն8

Scroll Up