Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հանդիպումը նախարար Աշերի հետ

Մայիսի 12-ին Հաագայում Նիդերլանդների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (SZW) շենքում կայացավ հանդիպում Նիդերլանդների սոցիալական հարցերի նախարար և փոխվարչապետ Լյուդվիգ Աշերի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և ֆեդերացիայի 24 Ապրիլ հանձնախմբի պատվիրակության միջև։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում ենՀոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայից:
Հոլանդահայ ֆեդերացիան և նախարարը, ով կրում է նաև ինտեգրման պորտֆելը, քննարկեցին հոլանդահայությանը հուզող մի շարք հարցեր։
Արծածված կետերից մեկը վերաբերում էր Հայոց ցեղասպանության նկատմամաբ որոշ հոլանդաբնակ թուրքերի վերաբերմունքին։ Մի կողմից` նրանք ժխտում են Հայոց ցեղասպանությունը, շատ հաճախ հիմնվելով թուրքական կառավարության և ԶԼՄ-ների ժխտողական քարոզչության վրա, մյուս կողմից` անընդունելի է նրանց վարքագիծը հոլանդաբնակ այն թուրքերի նկատմամբ, ովքեր օրինակ «Արնակից եղբայրներ» վավերագրական հեռուստասերիալի հետևանքով ընդունում են ցեղասպանության փաստը։
դերացիան գտնում է, որ չիմացությունը հաղթահարելու համար, կարևոր դեր է վերապահված կրթությանը և խնդրեց նախարարին նպաստել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դասավանդվի դպրոցներում, ինչպես դա արվում է Հոլոքոստի պարագայում։ Նախարարը կիսեց այս մտահոգությունը և ասաց, որ այս կետը կքննարկի կրթության և գիտության նախարարի հետ։
Պատվիրակությունը նույնպես հորդորեց նախարարին` լինել զգոն և հստակ դիրքորոշում ընդունել խտրականության, ատելություն սերմանող արտահայտությունների և մի խմբին վիրավորող արարքների դեմ, որ կատարվում է հայերի նակատմամբ հոլանդաբնակ թուրքերի կողմից։ Հոլանդահայ ֆեդերացիան նշեց, որ գրեթե երկու տարի է ինչ հայց է ներկայացվել թուրք ցուցարարների դեմ, քանի որ նրանք 2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյի թուրքական ցույցի ընթացքում հակահայ լոզունգներ էին վանկարկել, սակայն Հոլանդիայի դատախազությունը դեռևս որոշում չի կայացրել այդ կապակցությամբ, որը խրախուսում է մեղադրյալներին վերստին կրկնելու նույն հակահայ լոզունգները, ինչպես դա տեղի ունեցավ վերջերս։ Նախարարությունը խնդրեց իրենց տրամադրել տեսանյութ և այլ նյութեր այս կապակցությամբ, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել թուրքական կազմակերպությունների հետ բանակցությունների ժամանակ։ Ակնհայտ է, որ հայցի քննարկման գործում նախարարությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ դատախազության որոշման վրա։
Բուն Թուրքիայում իսկ հայերի վիճակն առանձնապես խոցելի է և դա նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում, որտեղ վերջերս իշխող կուսակցության պատգամավորները բանավոր և ֆիզիկական բռնության ենթարկեցին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանին` նրա հայ լինելու պատճառով։
Նախարարությունը խոստացավ թուրքական, քրդական և այլ կազմակերպությունների շարքում նույնպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հրավիրել մասնակցելու ապագայում կայանալիք երկխոսության նիստերին, երբ այդպիսի հանդիպումներ կձևավորվեն։
Հայկական պատվիրակությունն իր կարծիքը հայտնեց Հայոց ցեղասպանության նկատմամբ Նիդերլանդների կառավարության դիրքորոշման մասին և նշեց, որ արևմտյան շատ երկների վերաբերմունքն ավելի հստակ է այս հարցում։ 2015 թվականին շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եթե մինչ այդ բացահայտորեն չէին ճանաչել։ Նույնպես Բելգիայի վարչապետն իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին նախագահ Բարաք Օբաման իր հայտարարության մեջ խոսել է 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների` Հայոց Մեծ Եղեռնի մասին, երբ մեկ ու կես միլիոն հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են ի մահ Օսմանյան կայսրության վերջին օրերին։
Չնայած որ Նիդերլանդների կառավարությունն ընդունում է, որ Հայոց ցեղասպանության մասին գոյություն ունի միջազգային կոնսենսուս գիտնականների շրջանում, սակայն խուսափում է այդ եզրույթն օգտագործելուց։ Նաև բացակայում է պատմության փաստացի նկարագրությունը, ինչպես արել է Օբաման իր հայտարարության մեջ։
Հոլանդահայ ֆեդերացիան գտնում է, որ այսպիսի կեցվածքը հիասթափեցնող է և անստույգ, հատկապես մի երկրում, որտեղ միջազգային իրավունքը և խաղաղությունը այնքան բարձր են գնահատվում, որտեղ խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրան իր աջակցությունն է ցույց տալիս Հոլանդիայի քաղաքացիական հասարակությունը։ Այս համատեքստում կարևոր են Գերմանիայում տեղի ունեցող զարգացումները։ Նախարարության պաշտոնյաները հայտնեցին, որ նրանք հետևում են այս զարգացումներին։
Հանդիպման ընթացքում տիկին Հայկան Մարտիկյանը նախարարին հանձնեց իր «Կռունկի կանչը» գիրքը, որը հրատարակվել է 2015 թվականին։ Պատասխանելով հարցերին, նա բացատրեց գրքի բովանդակությունը, որը պատմում է ցեղասպանությունը վերապրած իր տատիկի ու պապիկ կյանքի և նրանց հետքերով Թուրքիայում իր կատարած ճամփորդության մասին։
Հանդիպման ժամանակ քնաարկվեց նաև խնդրահարույց մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում։ Բացի այդ Հոլանդահայ ֆեդերացիան իր մտահոգությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղում բռնության և պատերազմի վերսկսման վտանգի մասին։ Վերջապես, Հոլանդահայ ֆեդերացիան նախարարի ուշադրությունը հրավիրեց սիրիահայ փախստականների հարցին, ովքեր կանգնած են իրենց կեցության թույլտվությունը կորցնելու վտանգի առջև։ Նախարարությունը հետամուտ է լինելու այս խնդրի շուրջ բոլոր տեղեկություններին։