Ջավախքի հայապահպանության խնդիրը ոչ պակաս կարևոր է արցախյան խնդրից. Շիրակ Թորոսյան

«Ջավախք ինֆո»-ի հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը 

-Պրն Թորսյան վերջերս Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալությունը հրապարակեց մարդահամարի արդյունքները, ըստ որի հայերը կազմում են բնակչության ընդհամենը 4,5%: Մարդահամարի 2002թ. տվյալներով՝ 248 929 հազար հայից այսօր մնացել է 168 102: Այսինքն՝ 80 829-ով հայերը պակասել են: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված նման ցածր ցուցանիշը: 

– Միխեիլ Սահակաշվիլին իր ողջ էությամբ հակահայ էր: Ստալինյան բռնակալությունն այդքան հուժկու չէր սովետական տարածքի վրա, ինչքան Սահակաշվիլիի իշխանության ուժային բռնակալությունը Ջավախքում: Հայերի թվաքանակի պակասումը Ջավախքից, որպես քաղաքական գործոն, իր դերակատարումը թուլացնելն է: Ջավախքի հայապահպանության խնդիրը ոչ պակաս կարևոր է Արցախյան խնդրից: Ես ցավով եմ նշում, որ հայ ժողովուրդը սևեռվելով ցեղասպանության և Արցախյան խնդրների վրա անտեսել է այս շատ կարևոր հարցը:

Կոչ եմ անում բոլոր ջավախքցիներին ով հնար ունի վերադառնալու, թող վերադառնա: Այնտեղ ապրելով՝ կարող եք լավ կենսամակարդակ ստեղծել:

-Որո՞նք եք համարում հայաթափության հիմնական պատճառները:

-Հայաթափության հիմնական պատճառը Միխեիլ Սահակաշվիլիի բացահայտ հակահայկական քաղաքականությունն էր և գումարած դրան ընդհանուր տնտեսական վիճակը, որը բնորոշ է մեր տարածաշրջանին: Բոլոր գործոնները միասին կազմում է այն տխուր վիճակը, որոնք այսօր տեսնում ենք:

-Ախալցխայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը բախում է եղել հայերի և վրացիների միջև, ինչից հետո հայերը տարվել են ոստիկանություն և բռնության ենթարկվել: Սակայն շուտով գործը կարծես թե փակվում է, և ոստիկանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն պատժվել: Ի՞նչ եք կարծում քաղաքական ենթատեքստ ունի՞ այս ամենը: 

-Ես այստեղ տեսնում եմ ոչ թե քաղաքական ենթատեքստ, այլ տեղական իշխանությունների անպատասխանատու վերաբերմունք: Ինձ համար շատ ցավալի է, որ ոստիկանները հանիրավի մեղադրել են մեր երիտասարդներին, և առավել ցավալի է՝ իմանալով  անգամ պատճառը՝ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ցեղասպանության հասցեին:  Ես գտնում եմ, որ միջադեպը հարթեցնելու համար պետք է տեղական իշխանությունները, ոստիկանները պատժվեն, որպեսզի հանրությունը բավարարված զգա:

-Այս տարվա հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանակն ընտրություններ են: Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս կանդրադառնան դրանք թե Վրաստանի, թե Ջավախքի հայության վրա: 

– Այսօրվա գործող իշխանությունները մի փոքր այլ ձևաչափերով կհաղթեն ընտրություններում:  Ե՛վ Ջավախքի, և՛ ընդհանուր Վրաստանի  հայության հետ կապված անկյունադարձային փոփոխություններ չենք սպասում, որովհետև գործող իշխանությունները, որոնք 2012 թվականին քարոզարշավ էին անում, բավականին լուրջ խուստումներ էին հնչեցնում, սակայն այս խոստումների զգալի մասը նրանք այդպես էլ կյանքի չկոչեցին: Հուսանք, որ որոշակի դրական առումով փոփոխություններ կլինեն, նախ՝շատ ուրախ կլինենք, որ նոր ընտրություններից հետո իշխանություններն ավելի շատ մեծ ձեռքբերումներ ունենան Վրաաստանի համար, և որպես Վրաստանի քաղաքացիներ՝ վրացահայությունը ևս իր շահը կունենա այնտեղից:  Ելնելով տարածաշրջանի երկու ժողովուրդների կենսական համատեղ շահերից, նոր ձևավորված իշխանությունները կուզենայի, որ ավելի հայանպաստ քաղաքականություն իրականացնեին՝ որպես առանձին համայնքի:

 -Ինչպիսի՞ն եք տեսնում Ջավախքի ապագան:

–  Որպես լավատես մարդ՝ ապագայում տեսնում եմ Ջավախքը իր հայ բնակչությամբ, տեսնում եմ Ջավախքը՝ որպես Վրաստանի մաս, ջավախքցուն՝ որպես օրինապաշտ Վրաստանի քաղաքացի: Նաև կուզենամ տեսնել իշխանությանը հայանպաստ գործողությունների մեջ:

Զրուցեց՝ Գայանե Մելքոնյանը

Scroll Up