Հանրահայտ ջութակահար Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը Երեւանում համերգ կտա

Գերմանա-Հայկական Երաժշտական Միությունը 3–րդ անգամ կանցկացնի վարպետության դասընթացներ Երեւանում՝Գերմանիայից հրավիրված պրոֆեսորների ղեկավարությամբ:
Այս անգամ Հայաստան կժամանի հանրահայտ ջութակահար, Էլիզաբեթ թագուհու հայտնի ջութակահարների եւ այլ հանրահայտ մրցույթների դափնեկիր, Կարլսրուհեի Բարձրագույն Երաժշտական Համալսարանի Պրոֆեսոր Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը:Նրա հետ Հայաստան կգա հայ դաշնակահար, նույն համալսարանից դաշնակահար Ռուբեն Մելիքսեթյանը: Նախորդ տարիների վարպետության դասընթացները, Պրոֆեսոր Կամեդայի ջութակ եւ սաքսոֆոնահար Պետեր Լեհելի ղեկավարությամբ, Երեւանում արժանացան մեծ ուշադրության եւ այս տարվա ջութակի եւ դաշնամուրի վարպետության դասընթացները շատ սպասված են եւ մասնակիցների եւ ունկնդրի կողմից:
Մայիսի 22 –ին Կամերային Երաժշտության Տանը կկայանա Բացման համերգը՝ Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերի (ջութակ, Գերմանիա), Ռուբեն Մելիքսեթյանի (դաշնամուր, Գերմանիա), Անի Աղաբեկյանի (ջութակ,Գերմանիա), եւ hայաստանից հայտնի երաժիշտներ Վաչե Հովեյանի (ալտ) եւ Արամ Թալալյանի (թավջութակ) մասնակցությամբ: Համերգին կհնչեն Հովունցի, Բաբաջանյանի, Միրզոյանի եւ Ֆրանկի ստեղծագործությունները: Մայիսի 23–ից 27-ը Կամերային Երաժշտության Տան դահլիճում կանցկացվեն Վարպետության դասընթացներ, որին կմասնակցեն նախորոք արդեն ընտրված տաղանդավոր երաժիշտները, որոնցից ամենափոքրիկը ժամանելու է Գերմանիայից: Դասընթացները անվճար են եւ ունկնդրի եւ այցելուների համար:
Մայիսի 27–ին Կամերային Երաժշտության Տանը կկայանա Վարպետության Դասընթացների եզրափակիչ համերգը՝ վարպետության դասընթացի մասնակիցների կատարմամբ, որի ընթացքում կհանձնվեն նաեւ մասնակցութան վկայականները:
Վարպետության դասընթացների եւ համերգների մուտքն ազատ է:
Գերմանա-Հայկական Երաժշտական Միության Նախագահ Անի Աղաբեկյանը շնորհակալ է Վարպետության Դասընթացների բոլոր աջակիցներին:
Գերմանա–հայկական երաժշտական միությունը ստեղծվել է 2011 թ–ի հոկտեմբերին Կարլսռուհե քաղաքում ջութակահար Անի Աղաբեկյանի նախաձեռնությամբ: Միության նպատակն է Հայաստանում եւ արտերկրում ներկայացնել հայկական երաժշտությունը, աջակցել հայ երաժիշտներին եւ կոմպոզիտորներին: Այդ նպատակով արդեն 5–րդ անգամ Գերմանիայի Կարլսրուհե եւ Բադեն-Բադեն քաղաքներում աշնանը անցկացվում է Գերմանա–Հայկական Համերգաշարը, որի ընթացքում կատարվում է հայ եւ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգաշարին մասնակցում են եւ Հայաստանից հրավիրված, եւ արտերկրից հրավիրված,եւ գերմանացի հայտնի երաժիշտներ: