Մաստրիխտում հայ հոգևորականի անունը կրող եկեղեցու բակում բացվեց հայկական խաչքար

Մայիսի 15-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում տեղի ունեցան մի քանի հետաքրքիր միջոցառումներ, որոնցից արժե առանձնացնել հայկական խաչքարի օծման արարողությունը : Մաստրիխտ քաղաքի բնակիչներն ականատես եղան քաղաքի կենտրոնում, հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ «Ս. Կարապետ» եկեղեցու եւ «Անի» Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը, որին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանըը, Լինբուրգի մարզի և Մաստրիխտ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, բազմաթիվ հյուրեր: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Նիդերլանդական օրագիրը:
Խաչքար-հուշարձանի բացումը խորհրդանշական էր նրանով, որ Մաստրիխտում է ապրել ու սրբացվել հայազգի Սերվատիուսը, ում անունով կա հնադարյան եկեղեցի ու շատ տեսարժան վայրեր: Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին’ մեծ շուքով ու հանդիսությամբ:
Հայ համայնքի կողմից Խաչքարի նվիրաբերումը Մաստրիխտ քաղաքին ևս մեկ անգամ փաստում է հայ և հոլանդացի ժողովուրդների քրիստոնեական անքակտելի սերտ կապերի ու եղբայրության մասին՝ որպես նույն արժեքները կրողների: