Հայազգի ճարտարապետը կհետեւի Ս. Գերեզմանի նորոգության ընթացքին
Այս ամիս Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կմեկնարկեն Սուրբ Գերեզմանի վերականգման լայնածավալ աշխատանքները:
Այս որոշումը կայացվել է Ս.Գերեզմանի իրավատեր համարվող երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համաձայնության արդյունքում :
«1808 թվականին հրդեհից հետո Ս. Գերեզմանը որեւէ նորոգության չի ենթարկվել, մինչդեռ դա իսկապես անհետաձգելի անհրաժեշտություն է: Այս պատճառով, Երուսաղեմում երեք եկեղեցիների հոգեւոր պետերը երկար քննարկումներից հետո համաձայնեցին անհապաղ քայլեր ձեռնարկել Տիրոջ Գերեզմանի նորոգության համար»,- Մեդիամաքսին պատմել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն Բաղդասարյանը:
Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ, ըստ Ավետարանի, խաչելությունից հետո թաղվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության տեղի եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում բյուզանդացի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Ամեն գիշեր ժամը 12-ից մինչեւ առավոտյան 7-ը, նախ հույները, ապա հայերը, հետո՝ կաթոլիկները Ս. Պատարագ են մատուցում Քրիստոսի Ս. Գերեզմանի վրա:
Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետի խոսքերով, Ս. Գերեզմանի նորոգության աշխատանքներն իրականացնելու է Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագիտական թիմը, որը ղեկավարում է պրոֆեսոր Անտոնիա Մոլոպուլոն:
Ս.թ. մարտի 8-ին Աթենքում մասնագիտական խումբը ներկայացրել է Ս. Գերեզմանի տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որին ներկա է գտնվել նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Ավելի ուշ՝ մարտի 22-ին, Սուրբ Հարության տաճարում Երուսաղեմի եւ համայն Պաղեստինի պատրիարք Ֆեոֆիլը՝ Սուրբ երկրում Ֆրանցիսկյան միաբանության ներկայացուցիչ հայր Պյերբաթիստա Պիցաբալայի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ներկայությամբ հայտարարել է Սուրբ Գերեզմանի Մատուռի լայնածավալ վերականգման մեկնարկի մասին։
Հայր Կորյուն Բաղդասարյանի փոխանցմամբ, Աթենքի համալսարանի մասնագիտական խմբին զուգահեռ ստեղծվել է նաեւ տեխնիկական խումբ, որում ընդգրկված են հայ, հույն եւ կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող մեկական ճարտարապետ: Վերջիններս հույն մասնագետների հետ մասնակցելու եւ հետեւելու են Ս. Գերեզմանի վերանորոգության ընթացքին:
Հայոց Պատրիարքարանի կողմից այդ խմբում ներկայացուցիչ է ընտրվել հայազգի ճարտարապետ Իրինա Բադալյանը, որը 1990-ականների սկզբին բնակություն է հաստատել Իսրայելում: Իրինան ՀՀ վաստակավոր ճարտարագետ Ռուբեն Բադալյանի դուստրն է:
Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս աշխատանքը:
«Սա ինձ համար իսկապես պատվաբեր առաքելություն է»,- ասել է Իրինա Բադալյանը:
Հայազգի ճարտարապետը, ով Երուսաղեմում աշխատել է մի շարք ճարտարապետական նախագծերում, փաստում է, որ Ս. Գերեզմանի ներկայիս վիճակն իսկապես տագնապալի է:
«Ս.Գերեզմանի վիճակն այնքան վատ է, որ քննարկվում էր անգամ այն այցելուների համար ժամանակավորապես փակելու հարցը: Իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում Ս. Գերեզմանի մատուռից դուրս արվել են որոշակի ամրացման աշխատանքներ, սակայն լուրջ հիմնանորոգում 1800-ական թթ.-ից ի վեր կկատարվի առաջին անգամ»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքերով, Աթենքի համալսարանի մասնագետները ստեղծել են Ս. Գերեզմանի համակարգչային եռաչափ մոդելը։
«Հույն մասնագետներն ամբողջ աշխատանքը ճիշտ ծրագրավորել են: Նախատեսվում է, որ լայնածավալ աշխատանքները կմեկնարկեն մայիսին եւ կտեւեն 8-12 ամիս: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կարվի շատ բարձր մակարդակի վրա»,- Մեդիամաքսին ասել է Իրինա Բադալյանը:
Ի դեպ, Աթենքի համալսարանի մասնագիտական խմբի ղեկավարը եղել է Հայաստանում եւ, Իրինա Բադալյանի խոսքերով, չափազանց տպավորված է հայկական եկեղեցական ճարտարապետությամբ:
Հայ մասնագետի խորհրդատվությունը Ս. Գերեզմանի վերանորոգման աշխատանքներում կարեւոր եւ օգտակար է նաեւ այն առումով, որ Իրինա Բադալյանը ողջ խմբում միակ մասնագետն է, ով տիրապետում է եբրայերենին եւ հանդիսանում է Իսրայելի քաղաքացի:
Հայր Կորյուն Բաղդասարյանի խոսքերով, նորոգության ողջ ընթացքում Սուրբ Գերեզմանը բաց է լինելու ուխտավորների եւ այցելուների համար:
Նախնական գնահատականներով, Սուրբ Գերեզմանի վերականգնողական աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո, որը հավասարապես հատկացնելու են հայ, հույն եւ կաթոլիկ եկեղեցիները:
Եկատերինա Պողոսյան