«Իվետան միայնակ չէ, նրա թիկունքում ողջ հայությունն է կանգնած».Շուշան Պետրոսյան

ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը  «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում իր զորակցության խոսքն է փոխանցել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին:

«Իվետա Մուկուչյանին մայիսի 14-ին կայանալիք «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում փայլուն ելույթ եմ մաղթում, ինչպիսի  փայլուն և անթերի ելույթ ունեցավ նաև 1-ին կիսաեզրափակիչի  ժամանակ:

Նա երգելուց և ելույթ ունենալուց բացի, ուրիշ այլ բանի մասին թո՛ղ չմտածի, քանի որ արտիստն ինքնին նուրբ և խոցելի է: Իվետան արդեն կարևոր քայլը կատարել է՝ ելույթի առաջին օրվա ընթացքում ամբողջ աշխարհին ներկայացնելով հայի իր տեսակը, փա՛ռք ու պատիվ նրան:

 Կարծում եմ՝ վաղն արդեն շվեդահայ համայնքի հերթն է՝ սատարելու Իվետա Մուկուչյանին:

Եթե մրցույթի կազմակերպիչներն արգելում են Արցախի դրոշը ծածանել, ապա մենք կարող ենք հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի նկարը ցույց տալ: Վստահ եմ, որ  այդ ժամանակ լրագրողները կհետաքրքրվեն, թե ով է այդ գեղեցկադեմ «արծիվը», և մենք շատ հանգիստ կարող ենք պատասխանել, որ նա Ադրբեջանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարովի կացնի հարվածից քնի մեջ մահացած մեր հայորդին է: Բազում ձևեր կան ներկայանալու: Կարող ենք Ադրբեջանի կողմից հրահարած ապրիլյան քառօրյա պատերազմում գլխատված Քյարամ Սլոյանի և, առհասարակ, զոհված մյուս հրեշտակների նկարները բարձրացնել, և դա կլինի պատասխանը, նեցուկ լինելը մեր երգչուհուն:

Եթե պահանջում են, որ հայ երգչուհին նմանօրինակ քայլերով հանդես չգա, ապա թող նա ոչինչ չձեռնարկի: Իվետան միայնակ չէ՛, նրա թիկունքում ողջ հայությունն է կանգնած»:

Գևորգ Չիչյան

Scroll Up