Իվետա Մուկուչյանը դարձել է «Եվրատեսիլ-2016»-ի թոփ մոդել` ետևում թողնելով Ադրբեջանի ներկայացուցչին
«Եվրատեսի-լ2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթում, որն առցանց քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Wiwibloggs կայքում ապրիլից սկսված քվեարկությունը մայիսի 12-ին դադարեցվել է: Ըստ կայքում հրապարակած տվյալների` Իվետա Մուկուչյանը ստացել ձայների գերակշիռ մեծամասնությունը` 31,45 տոկոս կամ 16 հազար 266 ձայն: Հայաստանյան պատվիրակին հաջորդում են «Եվրատեսիլ-2016»-ում Ադրբեջանը (22.71%) և Բուլղարիան (6.95%) ներկայացնող երգչուհիները: «Եվրատեսիլ 2016» մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
Մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը LoveWave («Սիրո ալիք») ստեղծագործությամբ: Հայաստանի պատվիրակը, մայիսի 10-ին փայլուն ելույթ ունենալով առաջին կիսաեզրափակիչում, անցել է եզրափակիչ փուլ, որը կկայանա մայիսի 14ին: Իվետան հանդես կգա վերջինը` 26 համարի ներքո: