«Հայրենյաց զինվոր եմ ես»․ միջոցառում Մոսկվայի հայորդյաց տանը՝ նվիրված Եռատոնին

Մայիսի 9-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» Երանուհի Ղազարյանի դասղեկական դասարանի սաները ներկայացան «Հայրենյաց զինվոր եմ ես» խորագրով միջոցառմամբ, որը նվիրված էր Արցախյան գոյամարտերում զոհված և այսօր էլ մեր սահմանը պահող հայ զինվորին։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Միջոցառման հրավիրյալների շաքերում էին՝ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՀՀ ԶՈՒ գնդապետ Արա Սարգսյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, ՀԱՊԿ ներկայացուցչությունում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, գնդապետ Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ մայոր Արտյոմ Ստեփանյանը, թեմի հոգևոր հայրեր՝ Հայր Մինաս աբեղա Հախվերդյանը, Տեր Թադևոս քահանա Տերտերյանը։

Հյուրերին ներկայացնելուց և ողջունելուց հետո միջացառման կազմակերպիչ Երանուհի Ղազարյանը նշեց, որ սցենարը գրվել էր ապրիլյան պատերազմից առաջ, ապա որոշակի փոփոխությունների է ենթարկվել․ «Երբ հերթական փորձերից մեկի ժամանակ 15-ամյա պատանին անկեղծ ափսոսանքը աչքերում պատմեց, թե հայրը գնում է Ղարաբաղ, իսկ իրեն արգելում են, քանի որ դեռ փոքր է, ես սրտի անհուն կսկիծով հասկացա, որ այս կռիվը մեր հայրենականն է, մեր հերթական լինել-չլինելու հարցն է պատմության նժարին։ Շփվելով սաներիս հետ, լսելով մեր հերոսների սխրանքների մասին՝ եսհամոզվածեմ,որ հայոց հաղթանակների մայիսն այս անգամ էլ չի դավաճանի իր գոյը աննկուն ոգով, դյուցազնական խիզախությամբ կերտող իմ ժողովրդին»։

Միջոցառման ժամանակ ներկայացվեց Արցախյան ազատամարտը և մերօրյա հերոսների սխրագործությունները, ու ամենակրտսեր սաներն անգամ հավաստիացրեցին, որ նախնիներից ժառանգել են նրանց անկոտրում ոգին և նրանց գործը շարունակողն են լինելու։

«Մենք արդարացիորեն ազատագրեցինք մեր պատմական հայրենիքը, որը 1921թ․-ին հանձնվել էր Ադրբեջանին։ Ազատագրումից հետո պետք էր կնքել կապիտուլացիան հաստատող փաստատթուղթ, բայց ստորագրվեց հրադադարի փաստաթուղթ։ Այս ընթացքում Ադրբեջանը շարունակեց զինվել և կարծեց, թե կարող է հաղթել հային, բայց հայ զինվորը ցույց տվեց իր անկոտրում ոգին։ Այսօր մեր պարտքն է լինել ամուր և միասնական ու ամեն կերպ աջակցել Արցախին»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Դավիթ Վիրաբյանը ներկաներին շնորհավորեց Եռատոնի կապակցությամբ և ասաց, որ առաջին ագամ լինելով «Հայորդյաց տանը»՝ հիացած է, որ ունենք նման շնորհալի երիտասարդություն, ովքեր հիշում են, որ ամեն ինչից վեր հայրենիքն է։

Միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանն իր օրհնությունը փոխանցեց միջոցառման մասնակիցներին՝ ասելով․ «Բոլորս հոգևոր բավականություն ստացանք այս գեղեցիկ միջոցառումից, որի համար շնորհակալություն ենք հայտնում Երանուհի Ղազարյանին, ով իր ապրումները փոխանցեց մեզ։ Վստահ ենք, որ այս բեմում հնչած խոսքերը անկեղծ էին և, Աստված մի արասցե, բայց եթե հարկ լինի՝ այս զավակները պատրաստ են կյանքը տալ հայրենիքի համար։ Աղոթում ենք, որ Աստված շեն պահի հայոց երկիրը, հայ եկեղեցին և հայ զինվորին»։

Միջոցառմանը ժամանակ ելույթ ունեցան՝ Մարգարիտա Գրիգորյանի ղեկավարած «Վարդավառ» պարային համույթը, Լենա Բեգլարյանի ղեկավարած «Շողեր» երգչախումբը, Արմինե Մարտիրոսյանի ղեկավարած ազգագրական երգի «Հրաշացան» համույթը, անհատ կատարող Անի Պապյանը։

2 3 4 5 6

Scroll Up