Դժվար է հայ լինել Թուրքիայում. թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքի հոդվածը The Guardian-ում

Այս շաբաթ Թուրքիայի քաղաքական իրարանցման ընթացքում, որը գագաթնակետին հասավ վարչապետի հրաժարականի մասին հայտարարությամբ, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման թեմա էր դարձել Օսկար Ուայլդը, ըստ Armenpress-ի՝ The Guardian թերթում գրում է թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամը ցանկացել է մեջբերել Ուայլդից, սակայն իշխող կուսակցությունից պատգամավորն առարկել է մեկին մեջբերելու գաղափարին, ով ոչ մահմեդական է, ոչ թուրք: «Դու ունե՞ս օրինակներ այս մշակույթից, այս քաղաքակրթությունից»,- ասել է նա:

«Երբ նրանք Ուայլդի մասին չեն վիճում, հարվածներով են փոխանակվում»,- գրում է Շաֆաքը: Նա հիշեցնում է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որը կանխամտածված օրենքի փոփոխություն է և կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների նկատմամբ դատական գործերի և ձերբակալությունների, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հայազգի պատգամավոր Կարո Փայլանին հարվածել են և ատելության խոսքեր հղել: Փայլանն ասել է. «Նրանք չեն կարող մարսել, որ հայ ինքնությամբ մարդը բացահայտում է նրանց ստերը և չի ընկրկում»:

«Դժվար է հայ լինել Թուրքիայում: Կամ քուրդ, կամ ալևի, կամ միասեռական կամ զինվորական ծառայությունից կրոնական համոզմունքների համար հրաժարվող, կամ հրեա, կամ կին, կամ մեկը, ով պարզապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկրում: Եթե ստացվի այնպես, որ դուք թվարկածներից մեկից ավելիին եք համապատասխանում, կյանքն է՛լ ավելի է դժվարանում: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բազմազանությունը խեղդվել է: Խոսքի ազատությունը՝ վերացվել։ «Նույնության գաղափարախոսությունն» է իշխում երկրում:

Գաղափարախոսությունը ձևավորվում է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի միջոցով՝ խառնված մաչիզմին և հայրիշխանությանը: Քաղաքականության լարվածությունը ներխուժում է առօրյա կյանքի բոլոր ասպեկտները»,- գրում է հեղինակը:

Շաֆաքը գրում է, որ Թուրքիան այլևս պարզապես քաղաքականապես բևեռացված չէ, այլ բաժանված է երկու մոլորակի՝ նրանք, ովքեր շարունակում են աջակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր նրա դեմ են: Իշխող կուսակցության անդամներից սպասվում է անվերապահ հնազանդություն, չկա անգամ ներկուսակցական ժողովրդավարության թույլ նշույլ:

Վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը զարմացրեց բոլորին, նա ասաց, որ իր հրաժարականն ընտրություն չէր, այլ «անհրաժեշտություն»: Գաղտնիք չէ, որ հաջորդ վարչապետը կլինի մեկը, ով ամբողջապես կվերահսկվի Էրդողանի կողմից, ով է՛լ ավելի կկոնսոլիդացնի իր իշխանությունը: Վերջիվերջո, Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել նախագահական ռեժիմի՝ իշխանության մենաշնորհով:

Երեք տարի առաջ Գեզի պուրակի ցույցերից ի վեր մարդկանց հաճախ և համակարգված կերպով վախեցրել են: Միջինը յուրաքանչյուր չորս օրը մեկ Թուրքիայում մեկը դատվում է Էրդողանին վիրավորելու համար՝ նախագահ դառնալուց ի վեր մոտ 2000 մարդ, նրանց թվում են արվեստագետներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, գիտնականներ, անգամ՝ ուսանողներ՝ Facebook-ում մեկնաբանությունների համար: Լրատվամիջոցները և սոցիալական մեդիաները խիստ վերահսկողության են ենթարկվում:

«Անցյալում մենք սև հումորի ամուր ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը կոշտ էր, սակայն կարելի էր ծիծաղել քաղաքական գործիչների վրա: Այժմ ոչ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ժողովրդի միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն քննադատել իշխանությանը: Երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Էրդողանին ընդառաջելով թույլ է տալիս գերմանացի կատակերգուների նկատմամբ դատական հետապնդում սկսել՝ Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար, դա հստակ ուղերձ է Թուրքիայի դեմոկրատներին. «Դուք միայնակ եք»:

Ի՞նչ եղավ թուրքական մոդելին, որի հետ մենք այդքան հույսեր էինք կապում: Արևմտյան ժողովրդավարության, աշխարհիկության, մեծավմասամբ մահմեդական մշակույթով և բազմազան հասարակության այդ յուրահատուկ խառնուրդն այսօր դատարկ հռետորություն է:  Անգամ ԵՄ-ն, որին մենք՝ թուրքերս, ժամանակին ձգտում էինք, վերածվել է քաղաքական խաղի:

Այնուամենայնիվ, Թուրքիան միլիոնավոր գեղեցիկ մարդիկ ունի, ովքեր, չնայած խորապես ընկճված են, բարոյալքված և միայնակ, կապված են իրար հետ ողջ աշխարհում և առաջ են իրենց իշխանությունից: Իսկ խորհրդարանում (Օսկար Ուայլդից-Խմբ.) այդ մեջբերո՞ւմը, որն արհամարհվեց: Այն իշխանության գռեհկության մասին էր»,- եզրափակում է Շաֆաքը:

Scroll Up