Հայկական շունչը Դոնեցկում

Պատերազմական իրավիճակի պատճառով Դոնեցկի հայկական մեկօրյա դպրոցը ժամանակավորապես դադարել էր գործել: Դպրոցն ու հայկական մշակույթը օտարության մեջ ապրող հայերին ոգևորություն պարգևող բերկրանք ու հույս է: Նորություն չէ, որ լեզու և ազգ հասկացությունները անքակտելիորեն շաղկապված են միմյանց: Ազգի ինքնագիտակցության մեջ առաջին ու ամենականգուն արժեքը լեզուն է: Լեզուն ծնողն է ազգի, թարգմանը՝ մտքի:

Ապրիլի 3-ին Դոնեցկի Հովհաննես Թումանյանի անվան մեկօրյա դպրոցը, հայկական համայնքի նախագահ, նվիրյալ հայ Գագիկ Աղավելյանի կազմակերպչական ունակությունների շնորհիվ` վերսկսեց իր աշխատանքները: Դպրոցում նորից լսվեցին հայ մանուկների և պատանիների ուրախ քրքիջը: Նրանք մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ մտան դասասենյակ: Այս մասին «Հայերն այսօրին» գրում է Դոնեցկի հայկական համայնքի կրթության բաժնի պատասխանատու, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աղավնի Կարախանյանը:

Բացի հայորդիներից, պատանիների շարքում է նաև ազգությամբ ռուս Ալեքսանդրը, որն ի դեպ, հաճախում է նաև հայկական պարի դաընթացին: Արմատներով Գորիսի շրջանի Խոզնավար գյուղից Գալստյան Իգորը նշեց, որ եկել է դպրոց, որպեսզի սովորի հայերեն տառերն ու կարողանա հայերենով նամակ գրել Խոզնավարում ապրող տատիկին: 14-ամյա Քարամյան Էդուարդը շատ լավ խոսում է հայերեն, դպրոց է հաճախում, որովհետև ցանկանում է անթերի գրել և կարդալ:

20-ամյա Էմման ցանկանում է ծանոթանալ հայ մշակույթին: Քույրեր Ռիման (19 տարեկան) և Աննան (14 տարեկան), եկել են դպրոց, որպեսզի խոսել, գրել և կարդալ սովորեն: Նրանց մայրը ազգությամբ ռուս է, տանը խոսում են ռուսերեն: 18-ամյա Ալլան հասկանում է հայերեն, սակայն երազում է ազատ հաղորդակցվել, գրել ու կարդալ սովորել: 11-ամյա Ալբերտն էլ որոշել է լավ սովորել իր մայրենին:

10-ամյա Էդիկը շատ ընդունակ երեխա է, իսկ քույրը՝ 8 տարեկան Աննան արդեն գիտի բազմաթիվ բանաստեղծություններ, ցանկանում է տառաճանաչ լինել: 15-ամյա Տաթևը խոսում, գրում-կարդում է հայերեն: Նա մեր նախկին աշակերտներից է, նրա համար կարևոր է ազգակիցների հետ շփումը, որովհետև ապրելով օտարության մեջ, նա կարոտում է Հայստանը ու իրեն վերագտնում է դպրոցում:

Նշեմ նաև, որ մեր բոլոր աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցում հայկական պարի դասընթացներին, նրանց երազանքն է ունենալ մեծ ու լուսավոր կրթամշակութային կենտրոն:

դոնեցկդոնեցկ1 դոնեցկ3դոնեցկ4 դոնեցկ5դոնեցկ6 դոնեցկ7

Scroll Up