Առաջնորդության ծրագիրը առանձնահատուկ կարևորություն ունի ջավախահայ երիտասարդների համար

Ապրիլին 29-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ առաջնորդության ծրագրի առաջին փուլի ամփոփումը և հավաստագրերի հանձնման արարողությունը:

Շուրջ 30 մասնակիցներին ողջունեց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ով, կարևորելով ծրագիրը, նշեց շարունակական բնույթի մասին` համեմատելով ձնագնդի հետ, որը գլորվելով պետք է մեծանա և աճի: Մասնակիցներին կոչ արվեց՝ լինել ավելի ակտիվ, համախմբված, զարգացնել առաջնորդական հատկանիշներն ու հմտությունները, ձգտել անձնական աճի:

«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի նախագահ Աշխեն Մկոյանը, ըստ թեմաների ու բանախոսների, ներկայացրեց ծրագրի նախորդ փուլի ամփոփումը, որից հետո մասնակիցները հանդես եկան ելույթներով` նշելով, թե դասընթացն ինչ է տվել նրանցից յուրաքանչյուրին:

Հատկանշական էր՝ երիտասարդները փաստում էին ինքնավստահության մակարդակի բարձրացումից ընդհուպ աշխատանքի ընդունվելու, անձնական զարգացումից մինչև կյանքում մոտիվացված լինելու մասին` ինչին էլ նպատակաուղղված էր ծրագիրը:

Ինչպես հայտնում է Հայերն այսօրը, իր ելույթով հանդես եկավ նաև Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանը: Նա ևս ողջունեց մասնակիցներին, ըստ նրա ծրագիրը առանձնահատուկ կարևորություն ունի Ջավախքի համար, քանի որ, մասնակիցների թիրախային խումբը ընտրված է եղել ջավախաբնակ երիտասարդներից, ովքեր վերադառնալու են Ջավախք և իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառեն հօգուտ Ջավախքի:

Հանդիպմանը հատուկ հյուր էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՋԱՀ-ի համահիմնադիր Գագիկ Գինոսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց առաջնորդությունը որպես պատասխանատվություն կրելու և որոշումներ կայացնելու կարողություն, ոլորտում լավագույնը լինելու, մարդու` իր ես-ն ու պատմությունը ճանաչելու կարևորությունը:

Կարելի է փաստել, որ առաջնորդության ծրագիրը ծառայեց իր նպատակին:

Ունենալով առողջ մտածելակերպով հասարակություն և երիտասարդություն` կունենաք ապահով ապագա:

1 2 3 4

Scroll Up