Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները

Մատաղիսցի երեքամյա Մանեն առաջին երեք օրը գյուղի անունը լսել չէր ուզում: Մայրը պատմում է, որ երեխան շատ վախեցած էր, ու մի քանի օր չէր ժպտում, չէր շփվում: Հիմա արդեն խոսում է, շփվում է, բայց աչքերում տխրություն կա։
Սկսում եմ Մանեի հետ զրուցել, հարցեր եմ տալիս, որտեղ էիր, ինչ ես հիշում, ինչպես եղավ, բայց բոլոր հարցերս մնաում են անպատասխան: Մայրը օգնության է հասնում ,ու ասում,որ խոսի նկարվի ,որ պապան տեսնի, բայց Մանեն աչքերը կախում դեպի ներքև ու տխուր ժպտում է: Զրուցս սկսում եմ արդեն Մանեի մայրիկի՝ Հռիփսիմե Ասլանյանի հետ,ով երեք մանկահասակ երեխաների ՝մեկ տարեկան զույգ աղջիկների, երեքամյա Մանեի և ամուսնու հորաքրոջ հետ ապրիլի երեքից ապրում են Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում: Նրանք չէին պատկերեցնում, որ լույս երկուսի գիշերը կարող են մի քանի րոպեում լքել իրենց տունն ու գյուղը: Կրակոցներ միշտ եղել են ու մատաղիսցիները սովոր էին այդ կրակոցներին: Այդ օրն էլ մտածել են հերթական կրակոցն է:
«Առավոտյան չորս անց կես էր,երբ սկսեցին կրակոցները,հինգ անց կեսի կողմերը մի փոքր հանգստացավ: Առավոտյան արդեն լուսադեմին մեծ պայթուն լսվեց , ու երրորդ ուժեղ պայթունից հետո ամուսինս ասաց, որ արագ շորերը հավաքենք ու դուրս գանք: Մենակ հասցրել եմ արտաքին շորեր հագցնել ու դուրս գալ, պիժամայով դուրս ենք վազել, ու ամուսինս մեզ հասցրել է գազելով Ստեփանակերտ…»:
Իսկ 53 -ամյա Ջուլիետա Սարգսյանը 27 տարեկան էր, երբ առաջին պատերազմը տեսավ: Ասում է, որ այս հարձակումը հիշեցնում է նախկին դաժան օրերը՝ այն ժամանակ էլ գյուղը ծխի մեջ կորավ, արկերի ձայնն ու երեխաների լացի ձայնը միախառնվեցին իրար: Կարողացել են փրկվել այդ ամեն ինչից:Այս անգամ էլ փրկվեցին: Որդին՝ Արցախը, նրանց հասցրել է Դրմբոն, որտեղ դարձյալ եղել են մեծաթիվ մարդիկ, ովքեր նույնպես ապաստան են փնտրել թշնամու հարձակումից:
Իսկ արդեն Դրմբոնում նստել են Հայաստան մեկնող «Գազելը» ու հասել Երևան: «Գազելի մեջ մի ութ կնիկ կար, որից երեքը հղի էին, մի տասն էլ՝ երեխա: Նստել ենք ու առանց դակումենտի եկել: Ահավոր էր, որտեղ ավտոն կանգնում էր, ասում էինք, թե հենա ճամփին մի տեղ կկրակեն, կխփեն: Որ անցանք Հայաստանի սահմանը, արդեն սիրտս մի քիչ…», –womennet.am-ի փոխանցմամբ՝ հուզված պատմում է տիկին Ջուլիան:
Այս պահին նրանք Հայաստանում են, բայց հոգով ու մտքով Արցախում՝ որդու կողքին, հարազատ գյուղում: Նրանք ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցրել, անգամ՝ անձնագրերն ու այլ փաստաղթեր: Միայն երեք օր հետո, երբ ամուսինն իջել է գյուղ, վերցրել է փաստաթղթերը: Տունը ամբողջովին թալանված ու ավերված է գտել: «Գումար ունեիք հավաքած վիրահատությանս համար,բայց ոչ մի բան չէր մնացել ոսկեղեն ամեն ինչ տարել էին»,- ասում է Հռիփսիմեն: Մանկահասակ երեք երեխաների հետ հայրական տանը ապաստան գտած ընտանիքի օգնության կարիք ունի ՝ հագուստ, սնունդ… Բայց ամենաշատը նրանք խաղաղություն են ուզում ու րոպե առաջ գյուղ վերադառնալ են ուզում…
«Րոպե առաջ ուզում ենք գյուղ վերադառնալ,մեր տունն ու աշխատանքը այնտեղ է»,-ասում է Հռիփսիմեն , իսկ Ջուլիետան էլ ավելացնում է, միայն թե հանգիստ լինի կրակոց չլինի ,չնայած եթե մեկ կրակոց լինի էլի ոչինչ ,բայց ոչ էսպես որ եղավ՚»…
Հ.Գ Մատաղիսցի այս ընտանիքը մի քանի մասի է բաժանվել . ապրիլի 2-ի դաժան գիշերվանից հետո նրանք Հայաստանի տարբեր ծայրերում են ապաստան գտել. 53 -ամյա Ջուլիետա Սարգսյանը Երևանում է՝ հորաքրոջ տանը, հարսը մանկահասակ երեք երեխաների հետ՝ Աշտարակում, քույրը՝ Մասիսում, մյուսները՝ Հրազդանում: Որդին՝ 27-ամյա Արցախը, մնացել է Արցախում…