Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Պեկինում

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 101–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:
Հուշ-երեկոյին մասնակցեցին Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև Պեկինում ապրող սփյուռքահայեր: Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության անձնակազմը։
Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարեցին ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ինչպես նաև տեղի ունեցավ մոմավառություն։
Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց Ցեղասպանության զոհերի և Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի զոհ դարձած զինվորների հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունեց և ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։
ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր միջազգային ասպարեզում հանդես է գալիս իբրև ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ և այս օրերին Երևանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության»երկրորդ գլոբալ ֆորումընպատակ ունի բողոքի ձայն բարձրացնելու ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դեմ, դատապարտելու մարդկության հանդեպ իրականացվող հանցագործությունները և համախմբելու ջանքերը արդյունավետ լուծումներ գտնելու մեր օրերում վերստին հրատապություն ստացած երևույթների դեմ: Իր խոսքում դեսպանը նաև ընդգծեց, որ պատմական արդարության վերականգնման գործումցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ազգի պայքարը պետք է լինի, այլ համայն քաղաքակիրթ մարդկության, որպեսզի բացառվի նման դաժան հանցագործությունների կրկնությունը:
ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Անդրադառնալովայս տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային նշեց, որ ԼՂ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։
Ելույթի ավարտին ցուցադրվեցօրվա խորհրդին առնչվող վավերագրական ֆիլմ, որին հաջորդեց ընդունելությունը:
Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Շանհայ, Հոնկոնգ, Նանկին, Գուանջոու և Շենժեն քաղաքներում: