Երջանիկ լինելը` նպատակ է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/son_dip34.jpg)
Կիևի Շևչենկոյի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից, անզուգական ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի ուկրաիներեն թարգմանության շնորհանդեսը: Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված այս ստեղծագործության թարգմանության հեղինակը Լվովաբնակ Անուշավան Մեսրոպյանն է: Հեղինակն ու թարգմանիչն երկլեզու հատվածների ընթերցումներով հիացրեցին ներկաներին՝ յուրահատուկ հուզականությամբ լիցքավորված պոեզիայով և թարգմանչական արվեստի բարձր մակարդակով:
Սոնա Վանը չափազանց գունեղ անհատականություն է, գունեղ է և արտաքինով ( չնայած այն բանին, որ նա սև շրջազգեստով էր), գունեղ իր բանաստեղծություններով և գունեղ մինչև անգամ իր խոսուն հայացքով: Նա հերքեց այն կարծրատիպը, որ կինը կամ գեղեցիկ է կամ էլ խելացի, նա և՛ գեղեցիկ է, և՛ խելացի, ապացուցեց, որ կինը նույնպես գրական աշխարհում կարող է ունենալ իր խոսքն ու տեղը: Հայ բանաստեղծուհին անդրադարձավ նաև կնոջ հոգու առաջին պահանջին՝ երջանկությանը, հիմնավորելով այն որպես սուրբ առաքելություն: «Երջանիկ լինելը դա նպատակ է, պարտականություն» -ասեց նա: Ուշադրությամբ և կլանված լսում էինք նրան, խորհելով ամեն մի բառի և նախադասության վրա: Հանդիպման վերջում Սոնա Վանը բոլորիս ցանկացավ, որ «մեր ձեռքբերումները լինեն ավելի շատ, քան մեր կորուստները»:Թող,որ Ձեր խոսքերը սիրելի Սոնա, աղոթքի պես հասնեն Աստծոն և մեր Հայրենիքն էլ երբե՛ք կորուստներ չունենա:
Ռուզաննա Մարտիրոսյան
լուսանկարները Ժաննա Սիմոնյանի
kievao.com.ua