«Հայասա» պարախումբը արժանացավ «Հայորդիք» հայկական պարերի միջազգային երրորդ փառատոնի գրան-պրիին
Ապրիլի 17-ին կայացած «Հայորդիք» հայկական պարերի միջազգային երրորդ փառատոնի գրան-պրիին է արժանացել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» «Հայասա» պարախումբը։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:
Գրան-պրիից բացի Արփինե Ամիրյանի եկավարած «Հայասա» պարախումբը հաղթող է դարձել նաև հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն բեմադրություն», «Հանդիսատեսի համակրանք»՝ տրված հանդիսատեսի ծափողջույնների հիման վրա և նույնանուն մրցանակ՝ փառատոնի կազմակերպիչների կողմից։ Արժանանալով գրան-պրիի՝ «Հայասան» ստացել է նաև Հայաստանի Երրորդ հանրապետության 25-ամյակի կապակցությամբ տրվեղ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի «Շնորհակալագրին»։ Փառատոնը կազմակերպել էր «Հայորդիք» հայկական ժառանգության հիմնադրամը՝ Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայորդիք» հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Անահիտ Սարգսյանին՝ հայկական պարերի զարգացման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև «Հայորդիք» փառատոնի ժյուրիին՝ անաչառ գնահատանքի համար։ Իսկ մրցույթի մասնակիցներին ցանկանում եմ ասել, որ չնայած «Հայորդիքի» մրցութային ձևաչափին, սակայն պարտվողներ չեղան, քանի որ բոլորիս առաքելությունը նույնն է՝ պահպանել հայկական մշակույթը և այն սերունդներին փոխանցել պարերի միջոցով»,-ասաց Արփինե Ամիրյանը։
«Հայորդիք» մրցույթ-փառատոնին մասնակցում էին ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած համույթներ։ «Հայասան» հանդիսատեսին ներկայացավ մրցութային «Հայասա» պարով, իսկ համերգային մասում ներկայացրեց նոր պարերից «Բերքահավաքը»։
Առաջին անգամ մասնակցելով «Հայորդիքին»՝ «Հայասայի» պարողները տպավորված էին ինչպես կազմակերպչական բարձր մակարդակով, այնպես էլ հայկական պարային համույթները մրցութային ձևաչափով մեկտեղելու գաղափարով։ Ողջունելի էր նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողի որոշումը։ Ներկաների ծափողջույնների ուժգնությունը չափվում էր հեռախոսային ծրագրի միջոցով։
Գոյության վեցը տարիների ընթացքում «Հայասան» մասնակցել է տասնյակ մրցույթների և փառատոնների՝ դառնալով գլխավոր մրցանակակիր և արժանանալով ժյուրիի հանդիսատեսի բարձր գնահատանին։