«Հայ Ասպետ» Օդեսայի կիրակնօրյա դպրոցում

Շարունակելով հայապահպան առաքելությունը՝ Օդեսայի հայկական դպրոցը վերստին ապացուցեց, որ առաջամարտիկ ինում են ո՛չ միայն բարձրորակ ուսուցման իրականացմամբ, այլև տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ։

Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի նախօրեին, մեսրոպախոս վարժարանում կայացավ ավանդույթ դարձած ՝«Հայ Ասպետ» հայրենագիտական խաղ-մրցույթը, որը կազմակերպել և վարում էր հայոց պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը։ Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Օդեսայի «Վերնատուն» համայնքաթերթի թղթակից Նարինե Մուրադյանը:
Տերունական՝ ընդհանրական աղոթքին հաջորդեցին իմաստության աղոթաբույր տողերը, որոնք արտաբերեց եկեղեցու սպասավոր ուրարակիր Էդմոնը՝ իմացության ու գիտելիքների ձգտող ասպետներին ոգևորելու և լրացուցիչ լիցքեր հաղորդելու ձգտումով։
Այնուհետև ուսուցչուհին ներկայացրեց ժյուրիի կազմը (նախագահ՝ դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյան, անդամներ՝ ուրարակիր Էդմոն, պատմության ուսուցիչ Ալեքսանդր Մկրտչյան), տեղյակ պահեց խաղի պայմաններին ու կարգուկանոնին, և մեկնարկեց խաղ-մրցույթը «Արարատ» ու «Արցախ» թիմերի միջև։
Այն ընդգրկում էր 3 փուլ՝ «Մեր արմատները» («Հայոց արքաներ»), «Ցեղասպանություն» և «Հայաստանի Հանրապետություն ու Արցախ»։
Ավագները կատարեցին թիմերի անունների մեկնաբանությունը։
Գործածելով ենթաթեմաների շուրջ ստեղծված սլայդներն ու պատասխանելով առաջադրված հարցերին, լրացնելով մեկմեկու՝ հայ ասպետները ներկայացրեցին՝ ինչպես են հայոց արքաները պահել ու պահպանել աստվածապարգև մեր հայրենիքը և որն է եղել նրանց հաղթանակների խորհուրդը․չէ՞ որ իրենք հայոց զորության ոգեկիր ասպարների՝ անպարտ արքաների, նրանց զորակից զորավարների աշխարհասփյուռ զարմերն են, ցավոք, վերընձյուղված օտար հողում։
Անցյալը, որը դարձել է պատմություն, դարձել է գիր ու մագաղաթ, հիմքն է ամուր ներկայի և մեծ ապագայի ու միշտ՝
Բարին է եղել ուղենիշն հայի,
Ոգին է նրան առաջնորդ եղել։
Առանձնահատուկ աշխուժություն ցուցաբերեցին թիմերը ցեղասպանության և նրա 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկին ու կարգախոսին առնչվող հարցերին պատասխանելիս։
Անցումը փուլից-փուլ ուղեկցվում էր համահունչ գեղարվեստական կատարումով․ հնչեցին «Ապրելու ապրիլ» երգը, Շիրազի և Սևակի հայրենաշունչ բանաստեղծություններից։
Ասմունքն ուղեկցվում էր երաժշտությամբ․կազմակերպչական և բովանդակային հագեցվածության շնորհիվ խաղ-մրցույթը հետզհետե վերածվեց հայրենասիրական ոգեշունչ, գեղեցիկ միջոցառման։ Այն յուրօրինակ պատգամ էր, անմոռաց մի դաս, որի նպատակն էր՝ բառերի շտեմարանի հարստացմանը զուգահեռ սերմանել սեր մայրենի լեզվի ու մայր ժողովրդի հանդեպ, որ ձգտեն իմանալ ազգի պատմությունը, քանզի սերունդները կրթվում և դաստիարակվում են նախնիների հերոսական գործերով ու իմաստնությամբ։
Եզրափակիչ փուլին նախորդեց մեր հայրենիքի Օրհներգը, որը կատարեցին մրցակից թիմերը միասին։
Դրսևորելով խոհեմություն, մտքի ճկունություն և հայրենագիտության իմացություն՝ արարատցիներն ու արցախցիները անթերի ու գրագետ պատասխաններ տվեցին։ Թիմերի ավագներ Լիլիթ Բեգլարյանն ու Արթուր Սեդրակյանը արդարացրին իրենց վստահված առաջադրանքը, միաժամանակ փայլեցին հայոց լեզվի և պատմության հրաշալի իմացությամբ։ Այնպես որ, ժյուրին երկընտրանք չուներ․ համառ պայքարից հետո թիմերը վաստակեցին հավասար միավորներ, իսկ ժյուրիի անդամներրն արձագանքեցին լոկ գովեստի ու հիացմունքի խոսքերով։
Մասնավորապես, «Հայկական լրատու» ամսագրի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանն ասաց․«Մեծ բավականություն ստացանք այս ամենից և Սփյուռքի գողտրիկ անկյուններից մեկում վերստին զգացինք գոյությունը մեր փոքրիկ Հայաստանի՝ լեցուն ձեզանով, ձեր մեսրոպահունչ բառ ու բանով, գիտելիքներով ու հայեցի պահվածքով, ձեր հմայքով ․․․»:
Բարձր գնահատելով ուսուցչուհու կատարած աշխատանքը և սաների առաջադիմությունը՝ Էլեն Պողոսյանն ընդգծեց, որ այսօր քաջ զինվորները մեր հայրենիքի սահմանները պաշտպանսում են զենքով, մենք այստեղ՝ հայրենիքից դուրս պարտավոր ենք սպառազինվել մտքով, գիտելիքներով․«Դառնա՛նք անառիկ բերդ ու ամրոց՝ սովորելով մեր լեզուն, պատմությունն ու մշակույթը, որպեսզի պարծանքի զգացում ապրենք մեր ազգային ու հոգևոր պատկանելիության համար և հայրենիքի կանչը արթուն պահենք մեր մեջ, քանզի այնտեղ են մեր գոյության ակունքները, քանզի այսօրվա ասպետականները վաղվա մեր զինվորներն են»։
Ներկաները դրվատանքի հրաշալի խոսքեր լսեցին հոգևոր դասի ներկայացուցչի կողմից․ «Բոլոր դարաշրջաններում հայի համար առաջնային են եղել մտքի զարգացումն ու կրթությունը, և պատահական չէ , որ Սուրբ Մաշտոցը Սուրբ գրքից առաջինը թարգմանեց ու կարևորեց՝ «Ճանաչել զիմաստութիուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ ՈՒ առ այսօր հայ դպրոցը այդ պատգամով է առաջնորդվում, որի խոսուն վկայությունը ձեր նախաձեռնած գործն է, որը տնօրենի, ուսուցիչների և սաների տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Դուք նաև հավաստեցիք մեծ մտավորական ու գրող Կոստան Զարյանի խորախորհուրդ միտքը՝ «Հայաստանի սահմանները աշխարհի վրա ձգվում են այնտեղ, որտեղ որ հայ կա»։ Թո՛ղ Ամենակարող Աստված օրհնի Ձեզ»։
Խանդավառված սիրելի աշակերտների հաջողությամբ, միաժամանակ հուզված հաճելի խոսքերից՝ ուսուցչուհին արտաբերեց․ «Ճշմարիտ է ասված, որ ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին»:

հայ ասպետհայ ասպետ2 հայ ասպետ3հայ ասպետ4 հայ ասպետ5հայ ասպետ6 հայ ասպետ8հայ ասպետ9 հայ ասպետ10 հայ ասպետ11

Scroll Up