Հայ գրականագետների և թարգմանիչների հանդիպումը Կիևում

Կիևում՝ Ուկրաինայի գրողների Միության տանը, տեղի ունեցավ հայ գրականագետների և թարգմանիչների հանդիպում, որի հիմնական նպատակը թարգմանչական արվեստի հետ կապված հարցերի քննարկումն ու լուսաբանումն էր: Հանդիպմանը ներկա էին՝ Ուկրաինայի գրողների Միության քարտուղար Ալեքսանդր Բոժկոն, հայկական թեմաներով գրող Գրիգորի Կրիմչուկը, Օդեսայից ժամանած «Հայկական լրատու» հանդեսի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանը, նույն հանդեսի խմբագրական խորհրդի անդամ Արտեմ Կարաջյանը, Հայագիտական կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ազիզյանը և Հայագիտական կոմիտեի անդամները:
Ներկաները ջերմորեն շնորհավորեցին տիկին Մեդեային՝ հանդեսի 7-ամյա տարեդարձի և 70-րդ հոբելյանական համարի առթիվ, ցանկանալով նորագույն հաջողություններ ստեղծագործական աշխատանքում և երկրպագու-ընթերցասերների ավելի մեծ բանակ: Մեծ կարևորություն տալով կատարված և կատարվող աշխատանքներին, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ պարոն Բոժկոն, որի աշխատանքը հայ գրականությունն Ուկրաինայում տարածելու ասպարեզում անգնահատելի է, նշեց այն փաստը, որ թարգմանությունները հնարավորություն են տալիս ավելի ու ավելի մոտեցնել երկու ժողովուրդներին, ծանոթացնել միմյանց գրականության և մշակույթի նորանոր էջերին, նետելով մարտահրավեր նյութականացված աշխարհին:
Խնդիրները շատ են, իսկ լուծումները հիմնականում կապված են ֆինանսավորման հետ: Ընդհանրապես թարգմանիչը, ստեղծագործողը պետք է վստահ լինի և հավատա, որ իր կատարած աշխատանքը (որն ի դեպ առանց վարձատրության է, բարեգործություն է) կտպագրվի և չի վերածվի լոկ թղթակույտի, որ այդ աշխատանքն իսկապես անհրաժեշտ է սերունդների համար: Միայն այդ պարագայում կարելի է հասնել լուրջ հաջողությունների, հակառակ դեպքում անիմաստ է դառնում որևէ գործունեություն:
Գրի և գրականության ուժն ու զորությունը մեզ՝ հայերիս համար միշտ հպարտության առիթ է հանդիսացել, բայց ցավոք վերջի տարիներին համայնքը բոլորովին չի աջակցում գրքերի հրատարակմանը, այդ իսկ պատճառով հայկական ոչ մի գիրք չի տպագրվել,և հարգելի պարոն Բոժկոյի «Սասունցի Դավիթ» էպոսի թարգմանությունը, մեր անվախ ու քաջարի Դավիթն անգամ չեն կարողանում գտնել իր բարեգործին, որը կհրատարակեր այդ անմահ ստեղծագործությունը: Ցավալի է, բայց փաստ է:
Ինչևիցե հանդիպումն անցավ կատարյալ ջերմ մթնոլորտում, իսկ մասնակիցներն ու հյուրերը գոհունակությամբ նշեցին կրկին հանդիպման անհրաժեշտությունը:
Ռուզաննա Մարտիրոսյան
kievao.com.ua