Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Էլիբեկյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Դուք արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից եք, ովքեր դեմ գնալով ժամանակի կարծրատիպերին, նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ:
Լինելով հայ գեղարվեստի վարպետների արժանավոր հետևորդը և Ձեր ընտանեկան նկարչական ավանդույթների շարունակողը՝ Դուք կարողացել եք կերտել գույների ու ձևերի մի ինքնատիպ աշխարհ, որ վաղուց ճանաչման է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի հեղինակավոր ցուցասրահներում: Բարձր գնահատականի են արժանի նաև Ձեր բեմանկարչական աշխատանքները, որոնք մեծապես նպաստել են հայ թատրոնի ու կինոյի զարգացմանը:
Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: