«Որբեր եւ Վարդեր». Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ցուցատախտակներ Մասաչուսեթսում

«Արվեստի խաղաղություն» կազմակերպությունը www.peaceofart.org շարունակում է իր ամենամյա գործունեությունը՝ ԱՄՆ- ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, ապրիլ ամսվա ընթացքում բարձրացնելով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված էլեկտրոնային ցուցատախտակներ: Այս ամսին «Հայերն այսօրին» հայտնում է Հեղինե Գեւորգյանը:
Դրանցից առաջինը գտնվում է Ֆոքսբորո քաղաքում, “Gillette” մարզադաշտի հարևանությամբ: Իրար հաջորդող լուսային էկրաններով՝ նրանցից առաջինը ներկայացնում է ցեղասպանությունից փրկված 150,000 հայ որբուկների աղերսագին հայացքները, իսկ հաջորդ էկրանում նրանց տխուր աչքերը վերածվում են անմոռուկների՝ հիշեցնելով ցեղասպանության արհավիրքն ու սարսափը՝ պահանջելով արդարություն մեր մեկ ու կես միլիոն նահատակների համար: Ինչպես նաև նախատեսված է վեց էլեկտրոնային ցուցատախտակներ բարձրացնել Մասաչուսեթսի հետևյալ մայրուղիների վրա’ Rte. 1, Lynnway; Rte. 1, Malden; Rte. 495, Haverhill:
«Արվեստի խաղաղություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, արվեստագետ Դանիել Վարուժան Հեճինյանն այսպես արտահայտվեց ցուցատախտակների վերաբերյալ.
«Ապրիլի 24-ին մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում’ ականատեսն եղա, թե ինչպես հայ մանուկները մեկական դեղին վարդ էին փոխանցում արտերկրից ժամանած նախագահներին և բարձրաստիճան հյուերին, ուղեկցում նրանց դեպի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող ծաղկեպսակը, որտեղ նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցելով՝ վարդն ամրացնում էին նահատակների հիշատակը հավերժացնող ծաղկեպսակի կենտրոնում:
Ցանկալի կլիներ՝ քաղաքակիրթ աշխարհի առաջնորդներին միանար նաև ԱՄՆ- ի նախագահը մի վարդ ևս ավելացնելով վարդափնջին՝ հարգելով զոհերի հիշատակը, հավատարիմ մնալով իր՝ 2008 թ-ի նախընտրական խոստումին:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված վահանակների ստեղծման գործում ինձ մեծապես ոգևորեց անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող ծաղկեպսակի սրտում վարդ առ վարդ կազմվող վարդափունջը և այն, որ չնայած ապրիլի ցրտին ու մարմին ծակող սուր քամուն, ազատ ու անկախ Հայաստանում հասակ առած հայ մանուկներն անվեհեր պատվո պահակ էին կանգնած հուշահամալիրում ի հարգանք նահատակների հիշատակին, և ակամա աչքերիս առաջ հառնեցին ցեղասպանությունից մազապուրծ փրկված 150,000 անպաշտպան ու վախվորած, մանկությունից զրկված որբուկների աղերսող հայացքները, որոնք այժմ անմոռուկներ դառած աղաղակում են’պահանջելով ճանաչում և դատապարտում»:
«Արվեստի խաղաղություն» կազմակերպությունը ( www.peaceofart.org) հիմնադրվել է 2003թ-ին արվեստագետ Դանիել Վարուժան Հեճինյանի կողմից, որն օգտագործում է համընդհանուր արվեստի լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը, առանցք ընդունելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանի հեղինակության բարձրացումը արտերկրում:
2015 թ-ին «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը իրականացրեց քարոզարշավ՝ «100 վահանակ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին» խորագրով՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և Կանադայում բարձրացնելով էլեկտրոնային և ստատիկ վահանակներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին: