ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ քննարկում տեղի չունեցավ

Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի օրակարգի համաձայն` քվեարկության էր դրվելու ընթացիկ հարցերի շուրջ երկու առաջարկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան», «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան» վերնագրերով:

Ըստ Aravot-ի՝  լիագումար նիստի ընթացքում քվեարկություն տեղի չունեցավ, քանի որ ավելի վաղ ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստի ընթացքում որոշվել էր չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած առաջարկ որպես ընթացիկ հարց:

Սակայն ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ու պատվիրակները լիագումար առաջին նիստի ընթացքում պարբերաբար խոսեցին ԼՂ հակամարտության հարցի, ինչպես նաև վերջին սրացումների մասին: Մասնավորապես ԵԽԽՎ նախագահը հայտարարեց, թե հակամարտությունը պետք է կարգավորվի` տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով ու կոչ արեց երկու կողմերին հարգել զինադադարի պայմանագիրը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ստեֆան Շեննախը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին սրացումներից, կրկին օգտագործեց «օկուպացված տարածքներ» դրույթը և իր մտահոգությունը հայտնեց այդտեղ զոհված քաղաքացիականների համար:

Scroll Up