Գարեգին Բ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները Գանձասարում հայրապետական օրհնություն են տվել (լուսանկարներ)

Արցախ ժամանած Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 13-ին այցելել են Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որտեղ իրենց հայրապետական օրհնությունն են տվել Արցախին ու հայոց բանակի զինվորներին:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հայոց երկու կաթողիկոսներն աղոթել են Արցախի խաղաղության ու հայ զինվորի անվտանգ ծառայության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմելով հավատավոր ժողովրդին ասել է, որ եկել են իրենց զորակցությունը հայտնելու և գոտեպնդելու Արցախի քաջարի ժողովրդին ու իշխանություններին:

«Հայոց բանակի զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ խափանելով Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նրանց նենգ ծրագիրը: Թշնամիներն ունենալով ժամանակակից զենքեր չկարողացան հաջողության հասնել՝ պարտվելով ազատության և անկախության ճանապարհը բռնած Արցախին:

Հակառակորդի դեմ ելավ անկախության սերունդը՝ պաշտպանելու իր հայրերի քաջագործությամբ ու հերոսական ոգով կերտված Արցախի անկախությունը: Այդ սերնդի մեջ իրենց հայրերի, Ավարայրի ու Սարդարապատի ոգին է»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում ասել է, որ առաջին անգամ է Արցախում, սակայն որպես մնայուն ներկայություն Արցախը մշտապես իր սրտի ու հոգու մեջ է: «Խոնարհվում եմ բոլոր այն հերոս զինվորների հիշատակի առջև, ովքեր իրենց թանկ արյունը հեղեցին հայրենիքի պաշտպանության ճանապարհին: Արցախյան գոյամարտը ցույց տվեց, որ հայությունը բարձրագույնս գիտի իր հայրենիքը: Մենք եկել ենք ասելու, որ մեր եկեղեցին հայ ժողովրդի, ազատության ու արդարության հետ է: Մենք զինված ենք մեր հավատքով, մշակույթով ու զենքով՝ հանուն մեր ազատության և իրավունքների պաշտպանության: Պատմության մեջ երբեք չենք փորձել խախտել ուրիշների իրավունքները, բայց երբ փորձել են մեր իրավունքը խախտել, որպես մեկ ամբողջություն, վասն հայրենյաց պատերազմի դաշտ ենք նետվել: Այս է հայոց պատմության խորհուրդը»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետներն այցելել են Գանձասարի Մատենադարան, ծանոթացել այնտեղ պահվող հայ մատենագրության ու մանրանկարչության նմուշներին:

Նշենք, որ Հայրապետական օրհնությանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան սպաներ և զինվորներ:

Scroll Up