Իմ անգի´ն, իմ աննմա´ն հայրիկ՝ Հրայր Ծերունյան

«Հայերն այսօրը» ներկայացնում է մի հուզիչ նամակ, որը խմբագրությանն է ուղարկել Մարի Սարաֆյանը.

««Ազդակ» թերթի մեջ կարդացի իմ շատ սիրելի, աննման կնքահայր Հրայր Ծերունյանի մեծարանքի մասին եւ շատ հուզվեցի (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը «Ծառայության տարվա» առիթով Հրայր Ծերունյանին պարգևատրել է Հայրապետական օրհնության գրով-Հ.Ա.):

Լիբանանի Հայ Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների հովանավորությամբ՝ 1992թ Արցախի ռմբակոծումներից գլուխս վիրավոր, 9 տարեկան եկել էի Բեյրութ՝ բուժվելու: Ինձ հյուրընկալած հայ ընտանիքում փոքրիկ Հասմիկի եւ Անիի հետ փաթաթված պառկում էի՝ գիշերները լուսացնելով իմ անվերջ արցունքներով՝ կարոտ ծնողական սիրո: Լիբանանի հայերը ջերմ հոգատարությամբ էին շրջապատել մեզ՝ վիրավոր երեխաներին:

Ամեն օր մեր տուն էր գալիս Սուրբ Հակոբ եկեղեցու նվիրյալ ատենապետ Հրայր Ծերունյանը: Եվ ահա հրաշք պատահեց, 1991թ զոհված Աբրիկ Արզումանյանի զավակը՝ Արմինեն, նորից հայր ունեցավ: Հրայր Ծերունյանը հանճարեղ արվեստագետի իր ձեռքի աշխատանքով, աղոթքով ստեղծագործած ոսկի խաչը եւ շղթան նվիրեց ինձ և ասաց. «Սիրելի´ աղջիկս, Արմինե´, երբ Արցախի եկեղեցու մեջ մկրտվես, ես քո կնքահայրն եմ»:

Փաթաթվեցի իմ սիրելի, աննման հոգատար կնքահայր, հայր Հրայրին, որը տանում էր իրենց տուն, որտեղ ինձ էր անհամբեր սպասում իմ մաման, Զապել մայրիկը: Միասին գնում էինք Ս. Հակոբ եկեղեցի, սովորեցի աղոթել նաեւ բոլոր արցախցիների, բոլոր հայերի համար: Գլխիս վիրահատություններին ներկա էին նաեւ կնքահայրս եւ Զապել մայրիկս:

Հրաժեշտի մեր բաժանումը հիշում եմ մինչեւ այսօր, այնքան տխուր էր եւ հուզիչ:

…Արցախը նորից ռմբակոծվեց: Մեր բոլոր ծանոթ բարեկամները, մեր զինվոր տղաները մարտի դաշտ մեկնելուց առաջ համբուրում են կնքահայր Հրայր Ծերունյանի Սուրբ խաչը, շղթան եւ դնում Զարեհ Եպս. Ազնավուրյանի «Իմ Աղոթագիրքս» գրքի վրա:

Իմ շատ սիրելիներ՝ կնքահայր Հրայր Ծերունյան եւ մամա Զապել, երախտագիտությամբ, կարոտով համբուրում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն եւ երկար կյանք:

Երախտապարտ եմ ձեզ,

Արմինե:

Արցախ, Ապրիլ 8, 2016թ

Ծերունյան-Արամ Ա

Արամ Ա Կաթողիկոսը հայրապետական օրհնության գիր է հանձնում Տիար Հրայր Ծերունյանին: Մարտ, 2016

Scroll Up