Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել Ղարաբաղի հարցով շփման խումբ ձևավորելու առաջարկով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ստամբուլում անցկացվող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթաժողովում ելույթ ունենալիս, անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցին:

Ըստ ermenihaber-ի՝ թուրք նախարարը նշել է, որ քանի դեռ Ղարաբաղը «մնում է հայկական օկուպացիայի մեջ», զինված բախումների ռիսկը կշարունակվի: Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է րոպե առաջ լուծել ՄԱԿ-ի ընդունած համապատասխան որոշումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

«Այդ հարցում տեսնում եմ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնողականության անհրաժեշտությունը: Այդ առումով շատ կարևոր քայլ կլինի Լեռնային  Ղարաբաղի հարցով կոնտակտային մի խումբ ձևավորել:

Բարձրաստիճան պաշտոնյաների ժողովում նման խումբ ձևավորելու որոշում կայացվել է: Այդ կոնտակտային խմբին միանալ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Scroll Up