Թալիշը համայն հայության վերքն է և այն պետք է բուժել

«Թալիշում գրեթե ոչինչ չկա, գյուղն ահավոր վիճակում է, համարյա կանգուն տուն չկա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, մենք վերադառնալու ենք Թալիշ»,- այս մասին ըստ Panorama.am-ի` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:

ԼՂՀ հակամարտության գոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում առավելագույնը տուժած բնակավայրերից են Թալիշը, Մադաղիսը և Տոնաշենը, որոնց բնակիչները տարհանվել են և տեղափոխվել Արցախի ավելի անվտանգ գյուղեր կամ Հայաստան: Մելիտա Խալափյանը նշեց, որ Թալիշի 550 ազգաբնակչությունից ապրիլի 2-ի դրությամբ Հայաստան  է տեղափոխվել շուրջը 300-ը, որոնցից 90-ը երեխաներ են, 30-ը տարեցներ:

Թշնամու արկակոծության հետևանքով  ընտանքիները կորցրել են ամեն ինչ և այժմ կարիք ունեն համայն հայության ինչպես ֆինասնասական, այնպես էլ հոգեբանական աջակցության:

«Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանն աջակցել հնարավոր միջոցներով, որպեսզի Թալիշը նորից վերականգնվի, քանի որ Թալիշը հնարավոր չէ միայն զենքով պահպանել»,- ասաց Մ. Խալափյանը` հավելելով, որ Թալիշը ժամանակին շեն բնակավայր էր, որը կարողանում էր տարեկան 2000 տոննա հացամթերք ու 4000 տոննա խաղողի բերք ապահովել:

«Թալիշը Արցախի դարպասն է, եթե այդ դարպասի բանալին այսօր թողնենք, մենք այլևս չենք կարող պայքարել նրա համար: Ուստի բոլորին խնդրում եմ օգնել ամեն ինչով, որպեսզի Թալիշը ոտքի կանգնի և Արցախի դարպասը կանգուն լինի: Թալիշը համայն հայության վերքն է և այն պետք է բուժել»,- ասաց Մելիտա Խալափյանը:

Անցած 20-22 տարիների ընթացքում Թալիշը կարողացել էր վերականգնվել, շենանալ, սակայն թշնամին կրկին փորձեց ավերել գյուղը:

«Այո, մենք երկրորդ անգամ բռնագաղթեցինք Թալիշից, բայց մենք հետ ենք վերադառնալու»,- ասացին ասուլիսին մասնակցող այլ թալիշցիներ:

«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վովա Բաբուրյանը նշեց, որ գյուղում ապրում է 137 ընտանիք 550 բնակչով: Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 105 աշակերտ,  ուսանողների թիվը հասնում է 10-ի, իսկ մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը 35 է:
Վովա Բաբուրյանն ասաց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու հրետակոծությունից հետո միայն կանայք, երեխաներն ու ծերերն են  ժամանավորապես տեղափոխվել այլ վայրեր, իսկ տղամարդիկ գյուղում են և չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը. նրանք զինվորների հետ պաշտպանում են Թալիշը:

Ասուլիսին ներկա էր Թալիշում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված Խալափյանների  թոռը՝ 12-ամյա Վարդանը: Նա առաջին անգամ է Երևանում, սակայն ուշքն ու միտքը գյուղն է, հարազատներին պարբերաբար հարցնում է գյուղի, իր տան ու դպրոցի մասին: Վարդանն ասաց, որ չի վախենում և ցանկանում է  վերադառնալ իր տուն:

Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցն էլ նշեց, որ տարհանվելուց հետո ապրիլի 6-ին  վերադարձել է գյուղ և տեսել, որ այն ամբողջությամբ ավերված է: Փորձել է մնալ գյուղում, բայց նրան թույլ չեն տվել:

«Իհարկե վերադառնալու ենք, բայց մեր խնդրանքն է հնարավորությունների սահմաններում աջակից լինել թալիշցիներին, որպեսզի կարողանանք վերադառնալ ու նորից շենացնել մեր բնակավայրը»,- ասաց նա:

Scroll Up