Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է Հանրապետական մաղթանք և միասնական աղոթք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/41826.jpg)
Այսօր ժամը 18:00-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է Հանրապետական մաղթանք և միասնական աղոթք` Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար:
Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում արարողությունը կատարվել է հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ֆեյսբուքյան էջից:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրուցում ասել է, որ ուշ թե շուտ խաղաղություն է հաստատվելու. «Միանշանակ մեր երկրում խաղաղություն է հաստատվելու: Այժմ մի քիչ դժվար պահեր ենք ապրում, նորություն չէ մեզ համար: Դժվարությունները մեզ համար են, մենք պարտավոր ենք հաղթահարել ամեն մի դժվարություն, որպեսզի հասնենք մեր վերջնական, արդարացի, խաղաղ հանգրվանին, հաղթանակած հանգրվանին»:
Նա նաև ասել է, որ պետք է հույսը դնել սեփական բանակի, ժողովրդի վրա: «Միշտ այդպես է եղել, այպես էլ կմնա: Արցախում ապրողներս միշտ հույսներս դրել ենք մեզ վրա: Ճիշտ բան է հույսը դնել սեփական ուժերի վրա: Կօգնեն մեզ դաշնակիցները, բարեկամ ազգերը, շատ լավ է, շնորհակալ կլինենք, բայց ամեն անգամ, երբ խնդիր ենք ունենում, նախ և առաջ հույսը պետք է դնենք մեզ վրա, չափենք մեր կարողությունները: Այն ազգը, որ հույսը դնում է իր վրա, բանակի, ժոովրդի կարողությունների վրա, նա հաղթում է»:
Պարգև Սրբազանը նշել է, որ հայ զինվորները հերոսաբար են մարտնչում, ահավոր մեծ կորուստներ են պատճառում թշնամուն:
«Աստված զորացնի մեր տղաներին, ժողովրդին: Հաղթանակներ ենք ունենալու, փայլուն հաղթանակներ: Մեր առջևում դեռ մեծ հաղթանակներ ունենք»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը: